Картинки по запросу Թուրքիա, ՔրդստանԵրբ խոսքը վերաբերում է Թուրքիային ու նրա շուրջ ստեղծվող խնդիրներին, հայկական հանրությունը, այդ թվում նաև՝ բազմաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ ոգևորվում են, թե լավ է, քանդվում է Թուրքիան կամ խորը ճգնաժամի մեջ է... Գրեթե միշտ հայկական նույնիսկ փորձագիտական դաշտը (էլ չեմ ասում սովորական ընթերցողը) Թուրքիայի առումով ուղղորդվում է 1 սկզբունքով՝ որքան վատ թուրքերի համար, այնքան լավ մեզ համար, կարծես դա սրտի հովանք դարձնելով... Իհարկե, ցեղասպան երկիրը մի օր անպայման պետք է պատժվի, բայց երբ մենք այդ պատժի գաղափարը սարքում ենք պաստառ՝ առանց հաշվի առնելու նպատակն ու հետևանքները, ապա դա դառնում է ինքնանպատակ:

Մեզ ի՞նչ, եթե մի գեղեցիկ օր Թուրքիան քանդվի, ու դրա փոխարեն այդ տարածքում ձևավորվի, ասենք, Քրդստան: Նորից եմ հարցնում, մեզ ի՞նչ: Թե՞ կարծում եք՝ ցեղասպանության ժամանակ թուրքերի համար հայ սպանած քրդերն այսօր ավելի լավ են լինելու թուրքերից:

Հետևաբար ոչ միշտ է, երբ Թուրքիայի ներքին խնդիրները օգուտ են տալիս մեզ, ի վերջո, մի մոռացեք, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրում են 4.5 մլն-ից ավելի մեր հայրենակիցներ, որոնց պապերը հրաշքով են փրկվել ցեղասպանության ժամանակ, ու այսօր այդ մարդիկ վերադառնում են ազգային ինքնության:

Ինքս համոզված եմ, որ Թուրքիայում ինչքան շուտ հաստատվի կայունություն, և ինչքան երկար այդ երկրում թուրքական իշխանությունը՝ թեկուզ Էրդողանի գլխավորությամբ ղեկավարի, գոնե մեզ՝ հայերիս համար, այնքան լավ: Եկեք ուրիշներին ձեռնտու վերլուծությունը կրկնելու փոխարեն անենք մեզ հարմար և մեր շահերին առնչվող վերլուծություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել