Image result for halloweenԱյսօր երկմտում էի՝ գրեմ այս թեմայի մասին, թե ոչ. հենց այդ պատճառով նյութը գրվեց այս ժամին: Խոսքն այսօրվա «խորհրդի» մասին է, քանզի կաթոլիկ աշխարհն այսօր տոնում է Հելոուինը:

Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր սրբերի տոնի նախօրեին: Ըստ հնագույն լեգենդի՝ այդ գիշեր դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև, և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր: Ըստ ավանդույթի՝ երեկոյան մարդիկ վառում են լապտերները, որպեսզի վախեցնեն չար հոգիներին:

Սակայն այն ոչ մի առնչություն չունի եկեղեցական այդ տոնի հետ, այլ, հակառակը, աստվածանարգության ծպտված ենթատեքստով փորձում է տոնի շուքի տակ իր տարածումը գտնել: Հելոուինը Հայաստանում այնքան մեծ մասշտաբներ չի կրում, որքան արտերկրում, բայց Երևան քաղաքում արդեն նկատելի են որոշ խանութների, ակումբների, փաբերի և սրճարանների նախապատրաստությունը տոնին «հելոուինյան» ձևավորումներով, տոնի խորհրդանիշ ատրիբուտների վաճառքներով և ուրախ ժամանց անցկացնելու հրավերներով:

Տոնի խորհրդանիշն է Halloween-ի դդմե գլուխը: Դդումը խորհրդանշում է չար ոգիների կործանարար ուժը, որի միջից արձակված կրակը վախեցնում է նրանց: Այս անհասկանալի տոնի խորհրդանիշի մասին պատմությունը կարդալուց հետո «տոնի» իրական իմաստը դառնում է ակնհայտ:

Մոլորված են նրանք, ովքեր կարծում են, թե տոնակատարությունն ուղղակի ուրախ ժամանց է: Առաջին հայացքից «անմեղ» թվացող տոնն իր մասնակիցներին կամա թե ակամա մասնակից է դարձնում մի ծեսի, որ պաշտամունք է սատանային:

Այդ անհասկանալի օրը կտրուկ ավելանում է հանցագործությունների մեծ թիվը, դիմակներով մարդիկ գողության, խարդախության ու նմանատիպ այլ զանցանքներով են զբաղվում: Այստեղ թաքնված են նաև լուրջ բիզնես շահեր, մասնավորապես՝ դիմակների ու հագուստների պատվերների մեծ թվաքանակներ են վաճառվում, սա նույնպես հատուկ մշակված պլանային դոկտրին է: Ըստ էության՝ այդ տոնի մեջ չկա խորհուրդ, ընդամենը մարդկանց հերթական անգամ զոմբիացնում են և դարձնում մոնիպուլիացիոն գործիք:

Հելոուինի հետ որևէ առնչություն ունենալը ոչ միայն կործանարար է քրիստոնյաների համար, այլ նաև անհավատ ու աթեիստ մարդկանց համար: Սա շատ ավելի ինքնահաստատվելու, ժամանակակից երևալու մի ձև է: Սա հայ ազգի տոնը չէ, մենք այդպիսի ազգային տոն չենք ունեցել: Դրա փոխարեն մենք ունենք մեր սեփական տոները, որոնք, սակայն, բավականաչափ չեն քարոզվում: Առաջարկում եմ այս անհասկանալի ու վուլգար արևմտյան արժեքի փոխարեն նման շքեղորեն ու մեծամաշստաբ տոնել, ասենք, «Բարեկենդան»-ը, որը կրկին դիմակներով են տոնում:

Տոնի խորհուրդը պետք է իմանալ հիմքից` չմոռանալով, թե իրականում դու որ արժեհամակարգի և գենետիկ հոգեկերտվածքի կրողն ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել