Картинки по запросу պատերազմԱպրիլյան սրացումից հետո թվում էր, թե լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի էր։ Ինքս էլ հակված էի նրան, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ լարվածության նոր պիկ է լինելու։ Բարեբախտաբար, ինչ-ինչ պատճառներով այդ սցենարը իրականություն չդարձավ։
 
Իհարկե, նման զարգացումների վրա որոշիչ ազդեցություն ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան։ Ես մինչև հիմա էլ հակված եմ նրան, որ Ալիևը ապրիլին հենվում էր Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցության վրա։ Չմոռանանք, որ Սիրիայում խոցված ռուսական ռմբակոծիչի պատմությունն այդ ժամանակ թարմ էր, և Թուրքիան սուր առճակատման մեջ էր Ռուսաստանի հետ։ Հետո, երբ տեղի ունեցավ Էրդողանի դեմ ձախողված պուտչը, և Ռուսաստանը նեցուկ կանգնեց սուլթանին, երկրների հարաբերություններում դրամատիկ շրջադարձ եղավ, ու գոնե Անդրկովկասում ռուս-թուրքական դիմակայության լարումը նվազեց։ Նվազմանը զուգընթաց՝ անկեց նաև Ալիևի ռազմատենչության աստիճանը։
 
Այժմ Ադրբեջանը վարում է հակասական քայլերով հագեցած ռազմավարություն։ Մի կողմից մեր բեխեր հարևանը 5 անգամ կրճատում է իր ռազմական բյուջեն, բայց մյուս կողմից էլ՝ շարունակվում են ագրեսիվ ու անզիջում հայտարարությունները Ալիևի կողմից, իսկ մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո շփման գծում լարվածության աստիճանը գնալով բարձրանում է։ Վերջին 10 օրվա ընթացքում կրկին արձանագրվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, և սա առաջին հայտարարված դեպքերն են ապրիլ-մայիսից հետո։
 
Այս ամենն առավել քան տարօրինակ է։ Տարօրինակ է, քանի որ ակնհայտ է, որ ուժային այն դիսբալանսը, որ կար ապրիլի 1-ի դրությամբ, էլ երբեք չի լինի, որովհետև մի կողմից նավթի գները մոտ ապագայում չեն լինելու նույնիսկ այնքան, որ Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտով չլինի, իսկ մյուս կողմից՝ մերոնք էլ, կարծես թե, հասկացել են, որ աններելի շատ էին արխայնացել ու փնթի թալանով աղետի նախաշեմին էին հասցրել մեզ, որից հնարավոր եղավ խուսափել զուտ նրա համար, որ մի քանի հարյուր 18-20 տարեկան զինվորներ ու 24-30 տարեկան սպաներ կռվեցին մահապարտների պես։ Ու այս համատեքստում տարօրինակ են իրավիճակն էսկալացնելու փորձերը և անզիջում բանակցային դիրքորոշումը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից։
 
Ըստ իս՝ այս ամենին կա երկու հավանական բացատրություն․ կա՛մ Ադրբեջանը ցանկանում է բթացնել մեր զգոնությունը, երբ մի քանի ամիս պասիվանում է ու գնում է ռազմական բյուջեի աննախադեպ կրճատման, որպեսզի կրկին կարողանա անակնկալի բերել մեր զորքերին ու պետական համակարգին, կա՛մ պլանավորված ծրագրի գրեթե ամբողջական տապալումից հետո և կտրուկ փոխված աշխարհաքաղաքական մթնոլորտի պայմաններում անորոշության մեջ են հայտնվել ու հիմա իներցիայով անում են ինչ-որ քայլեր՝ զուտ ինչ-որ բան անելու համար։ Երկրորդի դեպքում մեզ սպասվում է ստատուս քվոյի անորոշ երակարաձգում, իսկ առաջին տարբերակը գուժում է պատերազմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել