• Նկարում ռազմաճակատի հարավային՝ մերձարաքսյան ջաբրայիլյան հատվածն է։


• 1994 թ․ հունվարի 5-ին ադրբեջանցիներին հաջողվեց ծանրագույն զոհերի գնով վերագրավել 1993թ․ հոկտեմբերին մեր կողմից ազատագրված Հորադիս քաղաքը (մի՛ շփոթեք համանուն գյուղի հետ, որ հիմա մերն է) և երկաթուղային կայարանը (քարտեզում՝ կարմիր օղակով)։ Շարունակելով Արաքսի երկայնքով հարձակումը հայկական սասանված զորքի դեմ՝ ադրբեջանցիները վերագրավեցին նաև Չոջուխ Մարջանլուն (քարտեզում՝ 2)՝ կիլոմետրերով հեռացնելով հայկական վտանգը Հորադիս քաղաքից և Ժդանովսկ-Բայլականից։ 1994 թ․ փետրվարի 11-12-ին, զարգացնելով հաջողությունը, թշնամին փորձեց վերագրավել Մեհդիլուն (նկարում՝ 3), սակայն տալով անհամաչափ կորուստներ՝ նահանջեց Չոջուխ Մարջանլու։ Թշնամու կորուստներն ու նահանջը հնարավոր դարձան շնորհիվ նրա, որ դեռ 1993թ․-ից հայկական ուժերի վերահսկողության տակ էր Վարազաթմբի բարձունքը՝ Լյալյա Իլյահին/Լալե թեփեն (քարտեզում՝ կապույտ օղակով), որը սեպի պես խրված էր մերձարաքսյան մայրուղով առաջանալ փորձող թշնամու թիկունքում։
• Ես չեմ պնդում (հատկապես, որ բավարար կոմպետենտություն էլ չունեմ), որ Վարազաթմբի կորուստը ճակատագրորեն ծանր հարված է մեր ռազմաճակատի համար, նամանավանդ որ բլրի հանդիպակաց բլուրը (քարտեզում՝ նարնջագույն օղակով) մերն է, և մերն են նաև Վարազաթումբը շրջապատող երկու թևերը՝ դեպի Արաքս իջնող և դեպի Հորադիս գյուղ շարունակվող։
• Բայց ես պնդում եմ, որ այն տեղեկատվաքարոզչական մոտեցումը, որ ցուցաբերվեց մեր բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ բնակչությանը համոզելու, որ Վարազաթումբը «վաբշե կարևոր չէր», սխալ էր։ Չի կարելի նախորդ պատերազմում տասնյակ կյանքեր զոհաբերել պետքական բարձունքի համար և հաջորդ պատերազմում այն ժամանակավորապես կորցնելով՝ պնդել, թե պետքական չէր։ Դեռ կենդանի են այն մարդիկ, ովքեր 1993թ․-ին մասնակցել են այդ բլրի ազատագրմանը, և դեռ կենդանի են նրանք, ովքեր իրենց ամուսիններին, եղբայրներին, հայրերին ու զավակներին կորցրել են՝ հանուն այդ բլրի ազատագրման։ Նրա՞նց էլ ասենք, որ իրենց զոհաբերությունը «վաբշե կարևոր չէր»։
• Պետության ղեկավարությունը պարտավոր է երկխոսել բնակչության հետ։ Կան երկխոսության բազմաթիվ ձևաչափեր ու հնարքներ։ Վարազաթմբի կորստյան հարցում իշխանությունը որդեգրեց «սուխոյ ատկազի» հնարքը՝ մոռանալով, որ դա հարգի է միայն բանտային աշխարհում, իսկ բանակ-հասարակություն, իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում անհրաժեշտ են սխալներն ընդունելու, բացատրելու ու հաղորդակցվելու ավելի ճկուն ու նպատակահարմար մեթոդներ։

Էդգար Էլբակյան, Երևան, 20.10.2016 թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել