Hetq.am-ը գրում է.

Մշակույթի նախարարության աշխատակիցները 2014 եւ 2015թթ. աշխատանքային նպատակներով մեկնել են աշխարհի 32 քաղաք: Այս գերատեսչության գործուղումների պատմությունն ուսումնասիրելը աշխարհագրության դասընթացի կրկնության պես մի բան է: Նախարարության աշխատակիցներն այնպիսի քաղաքներ են մեկնել, ինչպիսիք են Սիեմ-Ռիեփը, Վինդհուկը, Քեշմը, Դոհան:

Ամենաշատ գործուղումներ եղել են դեպի Մոսկվա, Փարիզ, Թբիլիսի, Մինսկ, Ֆլորենցիա, Վենետիկ եւ Բրյուսել քաղաքներ:

Ստորեւ ներկայացված քարտեզում պատկերված են գործուղումների ուղղությունները՝ Երեւանից, ինչպես նաեւ մի քանի տրանզիտ չվերթներ:

Ինչպես «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից, 2014 եւ 2015թթ. նախարարության աշխատակիցների մասնակցությունը տարբեր երկրներում կազմակերպված մշակութային համագործակցության ծրագրերին, միջոցառումներին, քննարկումներին, նիստերին եւ աշխատանքային այցերին՝ Հայաստանի պետբյուջեի վրա արժեցել է 66,2 միլիոն դրամ: 2014թ. արտասահմանյան գործուղումներին հատկացվել է 32 միլիոն 240 հազար դրամ, 2015թ.՝ մի փոքր ավելի՝ 33 միլիոն 966 հազար դրամ:

2014թ. Մշակույթի նախարարության 16 աշխատակից գործուղվել է աշխարհի 16 երկիր, իսկ 2015թ.՝ 17 աշխատակից, կրկին դեպի 16 երկիր: Երկու տարիներին էլ գործուղումների թվով առաջատարը նախարար Հասմիկ Պողոսյանն է: 2014թ. նա այլ երկրներ է մեկնել 11, 2015թ.՝ 10 անգամ: 

Հասմիկ Պողոսյանի՝ պետբյուջեի հաշվին շրջագայությունները

2014թ. ամենաթանկ գործուղումն արժեցել է 3 միլիոն 159 հազար դրամ: Վենետիկ, այնտեղից էլ Բեռլին են ուղեւորվել Հասմիկ Պողոսյանը եւ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետ Անի Հովսեփյանը: 2015թ. ամենաթանկ գործուղումը, դեպի Աստանա, եղել է հոկտեմբերին եւ կազմել է 3 միլիոն 354 հազար դրամ: ԵԱՏՄ անդամ այս երկրի մայրաքաղաքի ավիատոմսը արժեցել է ոչ ավել, ոչ պակաս՝ 2 միլիոն 470 հազար դրամ: ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից հենց այսքան գումար է հատկացվել Հասմիկ Պողոսյանի ավիատոմսին: Ի դեպ, նրա հետ Աստանա էր գործուղվել նաեւ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ընդհանրապես, Սվետլանա Սահակյանը նախարար Պողոսյանի ուղեկիցն է եղել գործուղումների մեծ մասում: Նախարարից հետո նա երկրորդն է, որ պետական բյուջեի հաշվին ազատորեն մեկնել է տարբեր երկրներ՝ որպես Հայաստանի մշակութային պետական գերատեսչության ներկայացուցիչ: Նախորդ երկու տարիներին Սահակյանի հաշվին եղել է 16 գործուղում:

2014թ. Մշակույթի նախարարության կողմից ձեռք բերված ամենաթանկ ավիատոմսն արժեցել է 1 միլիոն 887 հազար դրամ, եւ այն, դժվար չէ կռահել, նույնպես Հասմիկ Պողոսյանի՝ այս անգամ դեպի Թել-Ավիվ չվերթի ավիատոմսի արժեքն է: Իսրայելում Պողոսյանը մասնակցել է Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման միջոցառումներին: Ուշագրավ է, որ նրա հետ Թել-Ավիվ մեկնած, նախարարության երկու այլ պաշտոնյաների ավիատոմսերի ընդհանուր արժեքը կազմել է 750 հազար դրամ: Ինչպես ասում են՝ զգացեք տարբերությունը:

Ստորեւ ներկայացված ինֆոգրաֆիկայում պատկերված են նախարարության 2014-2015թթ. ամենաթանկ արժեցած գործուղումներն ու ավիատոմսերը, եւ՝ թե որքան գումար է հատկացվել նախարար Հասմիկ Պողոսյանի եւ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանի գործուղումների ավիատոմսերի գնման համար: 

Պրիմիտիվ գողություն՝ ըստ Կարեն Կարապետյանի

2014թ. ապրիլին Հասմիկ Պողոսյանը մեկնել էր Բրյուսել, եւ տվյալ գործուղումը պետբյուջեի վրա արժեցել է 1 միլիոն 939 հազար դրամ, որից նախարարի ավիատոմսի արժեքը կազմել է 1 միլիոն 443 հազար դրամ: Նրա հետ գործուղվել էր նաեւ փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

2014թ. օգոստոսին Հասմիկ Պողոսյանին եւ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Էդիտ Խաչատրյանին Նիս գործուղելու ծախսը կազմել է 2 միլիոն 928 հազար դրամ, որից 1 միլիոն 361 հազար դրամը նախարարի, իսկ 880 հազարը՝ Էդիտ Խաչատրյանի ավիատոմսի գումարն է:

Նախարարի՝ 2015թ. հունվարին դեպի Վիեննա գործուղումը կազմել է 1 միլիոն 895 հազար դրամ, որի մեծ մասը՝ 1 միլիոն 590 հազար դրամը,  հատկացվել է ավիատոմս գնելուն:

Հասմիկ Պողոսյանի եւ նախարարի խորհրդական Լուսինե Քարամյանի՝ ԱՄՆ գործուղումը նույնպես գերազանցել է 2 միլիոն դրամը, կազմելով 2,3 միլիոն դրամ: Գործուղումն արժեցել է 2 միլիոն 306 հազար դրամ: Հասմիկ Պողոսյանը դեպի Նյու-Յորք չվերթի ավիատոմսը ձեռք է բերվել 1 միլիոն 696 հազար դրամով:

2014թ. փետրվարին Հասմիկ Պողոսյանի գործուղումը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա արժեցել է 1 միլիոն 871 հազար դրամ, որից 530 հազար դրամը ավիատոմսի գումարն է: Նույն ամսին նախարարը Երեւան-Բեռլին-Երեւան ավիատոմսի համար պետբյուջեից վճարել է 1 միլիոն 200 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանի ավիատոմսն արժեցել է 375 հազար դրամ:

2 միլիոն 48 հազար դրամ է ծախսվել 2015թ. մայիսին Հասմիկ Պողոսյանին եւ նախարարի խորհրդական Լուսինե Քարամյանին Իտալիա գործուղելու համար: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում նախարարության Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի՝ Իտալիա մեկնելու ծախսերը կազմել են ընդամենը 328 հազար դրամ:

Հունիսին Հասմիկ Պողոսյանը Նիս էր գործուղղվել եւ ընդհանուր առմամբ ծախսել 1 միլիոն 971 հազար դրամ, որից միայն 1 միլիոն 500 հազար դրամը՝ ավիատոմս գնելու համար: Հունիսին Ֆրանսիա էր գործուղվել նաեւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, որի գործուղման ծախսերը կազմել էին ընդամենը 148 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել