Hetq.am-ը գրում է.

Հոկտեմբերի 14-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի ղեկին եղել է Յուրա Պողոսյանը՝ ավտոբուսի սեփականատեր Կարեն Պողոսյանի հայրը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը:

Նախնական տվյալներով, հիշեցնենք, վթարի հետևանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է: 

Դ. Մելքոնյանի ունեցած տվյալներով՝ Կարեն Պողոսյանը այլ ուղղություններով ուղևորափոխադրումներ չի իրականացնում։ Անդրադառնալով այն հաղորդագրությանը, թե նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան և որ նրանց Երևան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է, բաժնի պետը նշում է, որ ավտոբուսը հետ է կանչվել, քանի որ ռուսական կողմը օդանավ է տրամադրել։ Սակայն թե երբ չտուժած քաղաքացիները կվերադառնան Հայաստան, Մելքոնյանը դեռևս հստակ նշել չի կարող։

Հավելենք, որ դեպքի առթիվ ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել