Ընտրությունների, ընդդիմության և այլնի մասին

Ապագա խորհրդարաններում, ըստ ստեղծված քաղաքական իրավիճակի և գործընթացների զարգացումների, փոքր կուսակցությունները ներկայացված կլինեն ավելի քիչ թվով: Բացի այդ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուղղակի ազդեց անկախ պատգամավորների ընտրության հնարավորությունների վրա՝ այն հավասարեցնելով զրոյի: Խորհրդարանում կուսակցական ցուցակներով տեղերի աճող թիվը խրախուսում է մի կողմից փոքր կուսակցությունների միջև ընտրական մեծ դաշինքների ստեղծումը, մյուս կողմից նպաստում նման փոքր կուսակցությունների ցուցակներից նշանավոր գործիչների՝ առավել մեծ հնարավորություններ ունեցող կուսակցությունների ցուցակներում հայտնվելուն:

Այս միտումների արդյունքում տեղի ունեցավ կուսակցական համակարգի համախմբում, ինչը կարելի է տեսնել նաև խորհրդարանական խմբակցությունների թվի դիտարկման միջոցով: Այսպես՝ մինչև 1995թ. ԳԽ-ում գործում էր 12 խմբակցություն և խորհրդարանական խումբ, 1995-1999թթ. ընթացքում դրանց թիվը նվազեց` դառնալով 7, 2007-2012թթ.` 5, իսկ հինգերորդ գումարման ԱԺ-ում` 6: Կարող ենք փաստել, որ վերջին տասնամյակում ընդդիմադիր կուսակցությունների անդամների թվի հետզհետե նվազումը վկայում է, որ ՀՀ-ում մեկ գերիշխող կուսակցություն է հանդես գալու:

ԼՂՀ-ի կուսակցական համակարգի զարգացումն անկախության առաջին տարիներին այլ ճանապարհով ընթացավ: ԳԽ-ի նախնական կազմում գերակշռում էին անկախ պատգամավորները, իսկ հիմնական առանձնահատկությունն արտահայտվել է ՀՀՇ-ի և ՀՅԴ համակիրների միջև մրցակցությամբ: Oրենսդիր մարմնում առկա այս մրցակցությունը փոխանցվեց նաև գործադիրի ոլորտ, որտեղ գերակշռում էին ՀՀՇ-ի աջակիցները, մինչդեռ օրենսդիր մարմնում առավել ազդեցիկ դիրքեր էին զբաղեցնում ՀՅԴ կողմնակիցները:

1992թ. գարնանն այս մրցակցությունը հանգեցրեց կոնֆլիկտի: Սրված լայնածավալ ռազմական գործողությունները և մարդկային ու տարածքային կորուստների աճող թիվը նվազեցրին կուսակցությունների միջև մրցակցությունը և հանգեցրին Պետական պաշտպանության կոմիտեի կազմավորմանը 1992թ. օգոստոսին: Այս մարմնին շնորհվեցին լայն լիազորություններ, իսկ ԳԽ-ի գործունեությունը դադարեցվեց: Կոմիտեն ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, ով նախկինում Կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ այդ պահին` երիտասարդ անկուսակցական, ով պատերազմից հետո ընտրվեց ԼՂՀ, իսկ ավելի ուշ` ՀՀ նախագահ:

Արտաքին սպառնալիքի առկայությունը և ազգային միասնության հարցի գերակայությունը ԼՂՀ-ում քաղաքական կուսակցությունների ստեղծման դեմ հիմնական փաստարկներն էին ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ 1994 թ. հրադադարին հաջորդած տարիներին: Փոխարենը` անկախության առաջին տասնամյակի ընթացքում ձևավորվեց հիմնականում անկուսակցական, պատերազմի վետերաններից կազմավորված քաղաքական դաշտ: Ավելին, վետերաններից բացի՝ քաղաքական պաշտոնների համալրման համար սկսվեց «հավաքագրման» գործընթաց քաղաքացիական ծառայողների, մտավորականության ներկայացուցիչների և ավելի քիչ չափով՝ նաև ձեռներեցների շրջանակից: Անկուսակցական պատգամավորները մինչև 2005թ. բոլոր ընտրություններում օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմել այն դեպքում, երբ տեղերի ընդամենը մեկ երրորդն են զբաղեցրել կուսակցական ցուցակի թեկնածուները: ԼՂՀ-ում համամասնական ընտրակարգի ներդրումը տեղի ունեցավ ՀՀ-ից տասը տարի ուշ:
ԼՂՀ-ում քաղաքական ընդդիմությունը ներկայացված է օրենսդիր մարմնի ներսում և դրանից դուրս գործունեություն ծավալող մի քանի առանձին քաղաքական գործիչների տեսքով, ովքեր ոչ մի ինստիտուցիոնալ կուսակցական կազմակերպության ներկայացուցիչ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել