Մինչ հարևան Ադրբեջանական Հանրապետությունում Բաքվի բռնապետի վարչակարգը աննախադեպ ճնշումներ և արգելքներ է կիրառում շիաների համար սրբազան Մոհարրամ ամսվա ընթացքում Իմամ Հուսեյնի նահատակության սգո արարողությունները հնարավորինս սահմանափակելու նպատակով, Երևանի Կապույտ մզկիթում իրանցի շիաներն ազատորեն կատարում են սեփական կրոնական ծեսերը:

Եթե հաշվի առնելու լինենք մի կողմից Հռոմի Պապի այցի կապակցությամբ Վրաստանում անցկացված բողոքի գործողությունները, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանում շիա հավատացյալների հանդեպ կիրառվող բռնաճնշումները, ապա Հայաստանն ակնհայտորեն կրոնական հանդուրժողաականության տեսանկյունից դրականորեն առանձնանում է իր հարևաններից, ինչը նաև հայկական հզոր մշակութային խորքի առկայության կողմնակի ապացույց է:

Ուշագրավ է, որ հենց այսօր Երևանի Կապույտ մզկիթում անցկացված Մոհարրամ ամսվա կրոնական արարողության ժամանակ պարսկերենով, արաբերենով և ատրպատականյան թյուրքերենով քարոզող իրանցի հոգևորականը, տեղյակ լինելով մեր բարեկամ իրանցիներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով մի քանի իրանագետներիս ներկայության մասին, հատուկ ակնածանքով իր ելույթի մի հատվածը նվիրեց շիայական իսլամում Հիսուս Քրիստոսի պաշտամունքին, ինչը ևս ցուցիչ է Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև առկա եղբայրական հարաբերությունների և կրոնական երկխոսության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել