Image result for պատերազմ«Զինվորակենտրոն» բանակի օրակարգը

Սեպտեմբերի 21-ի զորահանդեսից հետո ամենաքննարկվող թեման «Իսկանդերներն» էին: Մի տեսակ վտանգավոր ու դժվար «կառավարելի» էյֆորիա էր առաջացել այդ հրթիռային համակարգերի շուրջ հանրային որոշ հատվածներում: Եվ դա նաև հասկանալի է:

Եթե օբյետիվ գնահատենք այն, ինչ ցուցադրվեց (մի մասն էլ չցուցադրվեց) զորահանդեսի ժամանակ՝ «Սկադ», «Տոչկա», «Սմերչ», «Իսկանդեր», «Բուկ» և այլն, ապա կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ ՀՀ զինված ուժերի ռազմատեխնիկական համալրվածության առկա մակարդակը ունակ է լուծելու իր առջև դրված բազմաթիվ խնդիրներ, ու նրա համալրվածության աստիճանը համադրելի է Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական համալրվածության հետ. մեր կողմից՝ դեռևս իսկանդերիների, իսկ նրանց կողմից՝ դեռևս ՄիԳ-երի առավելությամբ:

Անկասկած, այն, ինչ տեսանք զորհանդեսին հանրային ընկալման տիրույթում, ինչպես նաև իրականության մեջ, ՀՀ ռազմական անվտանգության նոր նշաձող է սահմանում: Դա միանշանակ է: Սակայն պետք է նաև հստակ գիտակցել ու հասկանալ, որ ակտիվ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ժամանակ նման զինտեխնիկայի կիրառումը էականորեն փոխելու է պատերազմի մասշտաբներն ու խորությունը: Եթե մեր ռազմական անվտանգության ապահովումը հասնելու է սահմանային այն վիճակին, որ հակառակարոդի խորը թիկունքը հրթիռակոծենք նշյալ զինտեխնիկայով՝ պատճառելով նրան շոշափելի կորուստներ, ապա պետք է հասկանանք, որ այդ հակառակորդի կողմից թիրախավորման կարող է ենթարկվել ինչու չէ, ասենք, նաև Երևանը Նախիջևանից: Սա նշանակում է, որ այս զինատեխնիկաների կիրառման պարագայում խոսք պետք է գնա մեծ պատերազմի մասին, որին մասնակցելու են ոչ միայն ՀՀ-ԼՂՀ և Ադրբեջանը:

Ի դեպ, նման զինատեսակների կիրառումն էլ լուրջ պատասխանատվություն է պետական որոշումներ ընդունողների մոտ ինչպես սեփական ազգաբնակչության, այնպես էլ արտաքին աշխարհի ու ռազմական գործընկերների առջև: Այսինքն՝ մի բան է ունենալ նման զինատեսակներ, մեկ այլ բան՝ պասիվ պատերազմի, կամ փուլային ակտիվացմամբ ռազմական գործողությունների ժամանակ խոցել հակառակորդի խորը թիկունքը: Այս ամենը շատ լավ գիտակցում է նաև Ադրբեջանը: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե այդ տեխնիկան չի կրակելու: Հարցն այս պարագայում այն է, որ այն կրակելու է վատագույն սցենարի պարագայում միայն:

Այսինքն՝ անկախ իսկանդերների ու տոչկաների քանակից ու որակից՝ առկա իրավիճակում կրկին ամենից մեծ ծանրաբեռնվածությունը ընկած է դիրքապահ զինվորի վրա: Ուստի ռազմատեխնիկական համալրվածությանը զուգահեռ՝ առաջնահերթ բարեփոխումների պետք է ենթարկվեն հատկապես դիրքապահ զինվորի անվտանգության ու ծառայության անցկացման ինչպես օպերատիվ-մարտավարական, այնպես էլ տեխնիկական համալրվածության հարցերը: Նշենք, որ ապրիլյան դեպքերը որոշակի ճշգրտում-բարեփոխումներ մտցրին առկա իրավիճակում, սակայն դրանց օբյեկտիվ գնահատականը կարող է տալ միայն հաջորդ ռազմական սրացումը:

Մեր տիպի երկրներում պետք է սթափ գիտակցել՝ պատերազմի պարագայում առաջնահերթը զինվորի անվտանգությունն է, ու դրա վրա գումար չպետք է խնայել: Եթե իսկանդեր կամ սմերչ մենք կարող ենք ինչ-որ մի տեղից ձեռք բերել, ապա դեմոգրաֆիկ այն վիճակում, ինչպիսին մերն է, զինվորներն ամեն առումով անփոխարինելի են: Զինվորներ, ովքեր մարտական գործողությունների պարագայում իրենց վրա են վերցնում ողջ ծանրությունն ու չեն երկմտում: Ապրիլյան դասերից հետո մենք ոչ միայն պետք է գիտակցենք, այլև քայլեր ձեռնարկենք հենց զինվորակենտրոն բանակի կառուցման ուղղությամբ, որն այլևս չպետք է տևի տարիներ, քանզի մենք ժամանակ այլևս չունենք:

Պետք է հասկանալ ու գիտակցել, որ մյուս սրացումը շատ ավելի լուրջ ու ծավալուն կարող է լինել...

Հ.Գ. Սահմանին կրկին զոհ ունենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել