Image result for կարեն կարապետյանՃգնաժամային կառավարչի կարգավիճակում նոր վարչապետի համար հեշտ չի լինելու փոփոխություններ իրականացնելը...

Հայաստանը, կարծեմ,  արդեն երկու օր էպաշտոնապես նոր վարչապետ ունի: Ոմանք նրան մեսիայի կարգավիճակում են ընկալում, ոմանք հոռետեսորեն են վերաբերվում, մի մասն էլ ընդհանրապես չի վերաբերվում:

Կարծեմ երեկ նա «բացահայտեց», որ մեր տնտեսության վիճակը ողբերգական վատ է, այսինքն՝ շատ ծանր, մի բան, որ շարքային քաղաքացիները կարծես վաղուց գիտեին, իրենց մաշկի վրա կոնկրետ զգում էին, մինչդեռ նախկին պաշտոնատարները զուգահեռ իրականության մեջ էին ապրում՝ հայտարարելով, թե ամեն բան այդքան էլ վատ չէ: Հավանաբար երկիրը պետք է անցներ տնտեսական անկարողության ու անհետադարձելիության սահմանը, որ նոր ինչ-որ բան հայտարարվեր կամ սկզբունքային քայլեր նախաձեռնվեին:

Հիմա ունենք այն, ինչ ունենք: Նոր վարչապետը փաստացիորեն ճգնաժամային կառավարիչ է, ում առաջարկել են լուծել երկրի առջև ծառացած ազգային անվտանգության տնտեսական վտանգներն ու սպառնալիքները: Մինչդեռ ձևավորված իրավիճակն ունի իր պատմական օբյեկտիվ ու սուբյեկտիվ, նաև քաղաքական պատճառները, հիմքերը: Եթե խնդիրները խորքային լուծում չստանան, այլ հարցը սահմանափակվի կոսմետիկ քայլերով, ապա դա կարող է առավել լուրջ խնդիրների հանգեցնել արդեն վաղը: Որոշ ոլորտներում, եթե սթափ գնահատենք, փոփոխությունները միգուցե և արդեն ուշացած են:

Պարզ է, որ քանի դեռ չվերացվեն այսօրվա իրավիճակի պատճառները, նորանշանակ վարչապետը, անկախ իր հմտություններից ու կենսագրությունից, հաջողություն չի ունենա: Ավելին, տասնամյակների ընթացքում ձևավորված համակարգը կատաղի կերպով հակադրվելու է նրան, որպեսզի նախաձեռնված ու շատերի համար հատկապես տնտեսապես ու ֆինանսապես ցավոտ փոփոխություն/բարեփոխումները տապալվեն: Դա, իհարկե, ամենից լավ հասկանում է նորանշանակ վարչապետը:

Սակայն խնդիրն այս պարագայում առաջին հերթին խաղի կանոնները փոխելու ու երկիրը լաբորատոր փորձարկումների դաշտ դարձնողներին պատասխանատվության ենթարկելու մեջ է: Կլինի նման կամք, որոշում, ուրեմն կարող ենք արձանագրել, որ արդեն ճշմարիտ ուղու վրա ենք, քանզի ամեն փորձարկում կորսված հնարավորություն է, ուստի նաև՝ կորսված ռեսուրս: Իսկ մենք պատերազմող երկիր ենք, ով դաշնակից չունի ու երկրում փորձարկումների շռայլություն էլ իրեն թույլ տալ չի կարող ....

Ինչևէ, սթափ հոռետեսությամբ հաջողություն մաղթենք նորանշանակ վարչապետին՝ գնահատելով նրա զուսպ ու իրատեսական մոտեցումները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել