Ուկրաինայի պատմության մեջ բավականին հետաքրքիր տեղ ունի 1950-ականներին սկսված դիսիդենտական պայքարը: Դիսիդենտական պայքարի գործում, ինչպես ԽՍՀՄ շատ երկրներում, այնպես էլ Ուկրաինայում մեծ ներգրավվածություն ուներ մտավորականությունը, որն իր վրա վերցրեց կոմունիստական առկա ռեժիմի անխնա քննադատությունը և բողոքի շարժումների կազմակերպման դերը: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ մինչև 1980-ականները տևած դիսիդենտական շարժումները բաժանվեցին մոտ 3 ուղղության:
1. Դեմոկրատական ուղղություն:
Այս ուղղությանը հետևող խմբերը առկա էին ԽՍՀՄ բոլոր երկրներում: Օրինակ Ռուսաստանում նրանք ներկայացված էին Սախարովի և Սոլժենիցենի տեսքով: Ուկրաինայում այս ուղղության վառ ներկայացուցիչը Ուկրաինական-հելսինկյան խումբն էր, որը ստեղծվեց 1976թ. Կիևում: Նրա ղեկավարը Ն. Ռուդենկոն էր: Խմբի կազմում կային 37 հոգի, որոնք զբաղվում էին իրավապաշտպան գործունեությամբ: Նրանք կապ էին պահում Մոսկվայի իրենց գործընկերների հետ: Այդ խումբը կապ էր պահում նաև միջազգային կառույցների հետ և ամեն կերպ փորձում էր փաստաթղթերի տեսքով ներկայացնել երկրում մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների վիճակը և այլն: Խմբի անդամների 75%-ը տարբեր ժամանակներում հայտնվեցին ճաղերի հետևում:
2. Կրոնական ուղղություն:
Այս ուղղությանը հետևող մարդիկ պայքարում էին խղճի և դավանանքի ազատության համար: Բոլորիս հայտնի է, որ ԽՍՀՄ-ում առկա էր լրջագույն ճնշում եկեղեցու և հոգևորականների նկատմամբ: Պայքարի այս ուղղության ամենահայտնի ներկայացուցիչներից էին Գ.Վինսը, Ի.Գելյը, Վ.Ռոմանյուկը Ի. Տերելյը:
3. Ազգային ուղղություն:
Այս ուղղությանը հետևողները ծայրահեղ սուր կերպով քննադատում էին ռուսական շովինիզմը, կրեմլյան կայսերապաշտական և ռուսաֆիկացման քաղաքականությունը: Նրանցից շատերը դեռ 1960-ականներին կողմնակից էին Ուկրաինայի անհապաղ անջատմանը Ռուսաստանից և խստորեն դեմ էին ռուսներին: Այստեղ տեղ են գտել հրապարակախոս քաղբանտարկյալներ Ի. Ձյուբան, Վ. Մորոզը, Ի. Կալինեցը և այլոք:
Պատմական տարբեր տվյալների համաձայն՝ ուկրաինացի դիսիդենտների թիվը հատում էր 1000-ը, իսկ քաղբանտարկյալների թիվը հետստալինյան և դիսիդենտական պայքարի շրջանում կազմում էր 600-700 մարդ: Դիսիդենտական պայքարի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն, մեծ հաշվով, չուներ կառուցվածքային ձև: Դիսիդենտական պայքարին 1980-ականների վերջին փոխարինեց ավելի կազմակերպված և հուժկու ժողովրդական պայքարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել