Երկրորդ համաշխարհային պատերազմից օրեր առաջ` 1939թ. օգոստոս 23-ին կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համաձայն սովետական և գերմանական կողմերը Եվրոպայում կատարում էին ազդեցության գոտիների բաժանում: Մասնավորապես նրանք միմյանց միջև էին կիսում Լեհաստանը: Պակտի գաղտնի մասերի համաձայն գերմանական կողմը պետք է հարձակվեր Լեհաստանի վրա իսկ, որոշ ժամանակ անց Լեհաստանի վրա արևելքից պետք է հարձակում կատարեր ԽՍՀՄ-ը: Սեպտեմբերի 1-ին գերմանական կողմի լեհական Գդանսկի ռմբակոծումով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Գերմանական զորքերը գրեթե առանց դիմադրության առաջ էին շարժվում: Միաժամանակ սեպտեմբերի կեսերից Լեհաստանի վրա արևելքից հարձակում էր սկսել ԽՍՀՄ-ը: Սեպտեմբերի 18-ին Մոսկվա է ժամանում գերմանական պատվիրակությունը: ԽՍՀՄ և Գերմանիայի միջև ստորագրվում է նոր պայմանագիր, որի համաձայն վերմախտի զորքերը լքում էին լեհական այն տարածքները, որոնք Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համաձայն տրվելու էին ԽՍՀՄ-ին: Ի նշան Խորհրդա-գերմանական համագործակցության, լեհական օկուպացված Բրեստ քաղաքում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ խորհրդա-գերմանական զորքերի համատեղ շքերթ, որը գլխավորում էին գերմանական մարշալ Հուդերիանը և սովետական մարշալ Սիմեոն Կրիվոշեինը: Միաժամանակ խորհրդային ՆԿՎԴ-ի և գերմանական Վերմախտի բարձրաստիճան զինվորականների հանդիպումների ժամանակ քննարկվում էր լեհ մտավորականության ֆիզիկական ոչնչացման հարցը: Սեպտեմբերի 27-ին Մոսկվա է ժամանում Ռիբենտրոպը: Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, երբ գերմանական զորքերը գրավում են Վարշավան, Մոսկվայում ԽՍՀՄ և Գերմանիայի միջև կնքվում է «Բարեկամության» մասին նոր պայմանագիր, որի համաձայն երկու երկրների կողմից Լեհաստանի բաժանումը ավարտին է հասցվում: ԽՍՀՄ ենթակայության տակ է անցնում շուրջ 196հզքկմ տարածք շուրջ 13 միլիոն բնակչությամբ: ԽՍՀՄ-ը, ինչպես նացիստական կողմը իր ենթակայության տակ գտնվող տարածքներում իրականացնում էր լեհ ժողովրդի նկատմամբ տեռորի քաղաքականություն: Սեպտեմբեր ամսից սկսեցին լեհերի զանգվածային ձերբակալություններ: Մինչ 1940թ. հուլիս ամիսը բոլշևիկները անեքսիայի ենթարկված տարածքներից աքսորեցին շուրջ 300-400 հազար մարդ: Աքսորում էին հիմնականում Սիբիրյյան «Գուլագներ»: Հետագայում մինչև 1941թ. մայիս ամիսը աքսորի քաղաքականությունը շարունակվեց: Աքսորի ենթարկվեցին ևս շուրջ 320 հազար լեհեր:

Հ.Գ. Պատերազմից հետո Նացիստների համար տեղի ունեցավ Նյուրնբերգյան դատավարությունը, որտեղ պատժվեցին նացիստական հանցագործներից շատերը: ԽՍՀՄ ներկայացուցիչները այդ ժամանակ հանդես էին գալիս, որպես մեղադրող կողմերից մեկը: Հանուն արդարության պետք է նշել, որ Նյուրնբերգում բոլշևիկները, ոչ թե մեղադրող կողմ պետք է լինեին, այլ որպես պատերազմի անմիջական հրահրող կողմերից մեկը և բազմաթիվ ժողովուրդների հանդեպ հանցագործություններ կատարած կողմ պետք է լինեին նացիստների հետ միասին ամբաստանյալի աթոռին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել