Ասել, որ հիմա Հայաստանում գաղափարական ճգնաժամ է՝ նշանակում է ոչինչ չասել: Պատմության մեջ թերևս դժվար գտնվի մեկ այլ դեպք, երբ հաղթանակած պատերազմից հետո հաղթանակած իսկ կողմը առանց ռազմական պարտության ցանկանա կապիտուլյացիա ստորագրել: Իհարկե, այս ամենը վատ է անդրադառնում առաջին հերթին մեր երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական վիճակի վրա, որն այս 20-25 տարում մեծացավ ու որպես անհատ կայացավ Արցախը ազատագրված լինելու հաստատուն գաղափարի վրա, իսկ հիմա հանկարծ փաստացի փորձ է արվում միանգամից վերանայել ու արժեզրկել այդ նույն գաղափարը: Վերջապես, ու՞մ՝ ի՞նչ է հանձնվում և ինչի՞ համար: Էլի՞ նորից ռուսների համար, ինչպես դա եղավ 20-րդ դարասկզբին՝ մեզ համար այդքան ողբերգական հետևանքներով: Արդյո՞ք լավ եք մտածել, թե ի՞նչ է լինելու դրանից հետո: Մի՞թե հասկանալի չէ, որ դրանով վտանգվում է ոչ միայն բուն Արցախը, այլ արդեն նաև Սյունիքի, Վայոց Ձորի ու Սևանի ավազանի ազգաբնակչությունը՝ էլ ի՞նչ է մնալու Հայաստանից:

Վերջապես, ինչի՞ համար է այս շտապողականությունը, ինչի՞ համար ենք ինքնակամ դարձրել մեզ օտարի խոնարհ ծառա: Մի լավ ասացվածք կա՝ ոչ այնքան սարսափելի է սատանան, որքան իրեն պատկերում են: Պարզ է, որ պատմության ընթացքը երբևիցե կանգ չի առնում՝ մոտ ապագայում տարածաշրջանում միանշանակ քաղաքական իրավիճակի փոփոխություն անպայման կլինի, և համոզված եմ՝ դա լինելու է հօգուտ մեզ: Օրինակ, գնալով ավելի իրատեսական է դառնում Քրդստանի՝ մեզ սահմանակից նոր պետության ստեղծումը: Այդ պարագայում Հայաստանն արդեն լրիվ այլ կարգավիճակ կստանա, քան հիմա է, իսկ միակ խաղաքարտը, որ մենք կարող ենք ունենալ՝ դա այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր ռազմավարական տարածքների առկայությունն է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել