ԻԻՀ նախագահ Ռուհանիի՝ Բաքու կատարած այցից անցել է մեկ շաբաթ, սակայն Իրանում չեն դադարում քննարկումներն այդ այցի հետ կապված:
Ռուհանիի՝ Բաքու կատարած հերթական այցը մյուսներից տարբերվում էր նրանով, որ այս անգամ ԻԻՀ նախագահը հանդիպում ունեցավ նաև Ադրբեջանական Հանրապետության հոգևորականների և իսլամադավան մտավորականների հետ: Այս հանդիպումը, չնայած առաջին հայացքից, թվում է, պետք է դուր գար ԻԻՀ հոգևորականությանը, սակայն, պարզվում է, ամենևին էլ դուր չի եկել:

Իրանական կրոնական ուղղվածությամբ թերթերի հրապարակումներում այս համատեքստում տեղ են գտել երկու հիմնական հարցադրում.
ա) Ադրբեջանի հոգևորականների հետ ինչպիսի՞ հանդիպման մասին կարող է խոսք լինել, եթե այդ երկրում շիա հոգևորականների ընտրյալ մի խոշոր հատված գտնվում են բանտերում, երբ այդ երկրում փակվում են շիայական մզկիթներ, իսկ իրանական կողմնորոշում ունեցող հոգևորականները այդ երկրում ենթարկվում են ամենօրյա հալածանքների:
բ) Դիվանագիտական ի՞նչ քայլեր է ձեռնարկել Ռուհանին իր թիմի հետ միասին ադրբեջանական բանտերից շիա հոգևորականներին ազատելու ուղղությամբ: Որպես աշխարհում առաջատար շիայական երկիր՝ ի՞նչ է անում Իրանը բնակչության թվաքանակով աշխարհի երկրորդ շիայական երկիր հանդիսացող Ադրբեջանում շիա հոգևոր առաջնորդների դեմ հալածանքները կանխելու համար:

Ենթադրաբար, նմանատիպ հարցերի հետ կապված ճնշումներն ընտրությունների նախաշեմին Ռուհանիի վրա ավելի են մեծանալու, քանի որ կրոնական հարցերում կրավորական կեցվածքը Իրանի Իսլամական Հանրապետությունում չի խրախուսվում, ավելին՝ համարվում է լուրջ բացթողում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել