Ճիշտ է ասված, որ պատմությունը կրկնվել է սիրում: 1920 թվականի ապրիլին քեմալական Թուրքիայի «քավորությամբ» և ամենաեռանդուն դերակատարմամբ Ադրբեջանը շատ արագ և անկորուստ խորհրդայնացվեց, այսինքն` մտավ ռուսական ազդեցության ոլորտ: Բայց ցեղասպան Թուրքիան դրա համար գին էր պահանջել Ռուսաստանից՝ դա Սևրի պայմանագրով նախանշված դրույթների հնարավոր իրագործմամբ Թուրքիայի համար կործանարար հետևանքների վերացումն էր, իսկ դրան հնարավոր էր հասնել միայն անկախ Հայաստանի ոչնչացումով, չկա երկիր՝ չկա խնդիր սկզբունքով: Քաղաքական այդ զազրելի գործարքը երկկողմանի շահավետ էր՝ և Ռուսաստանն առանց հապաղելու գնաց դրան:

1920-ի սեպտեմբերի սկզբին, այժմ արդեն Սովետական Ռուսաստանի ամենաակտիվ աջակցությամբ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվեց Արևելքի ժողովուրդների 1-ին համագումարը: Համագումարի պատվավոր տեղերում էին նստած Հայոց Եղեռնի մի քանի կազմակերպիչներ` մարդակեր Էնվեր փաշայի գլխավորությամբ: Այդ համագումարի կարևոր նպատակներից էր Հայաստանի օկուպացման համար հող նախապատրաստելն ու գործողությունների հստակ ծրագրի մշակումը, որի մասին ընդունվեց համապատասխան բանաձև: Հայաստանի առաջին Հանրապետության փորձերը Հայկական հարցի արդարացի լուծման ուղղությամբ գնահատվեցին որպես «դաշնակ իմպերիալիստների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ», որոնք, իբր, հայ ժողովրդին մղում են պատերազմի ընդդեմ «բուրժուական լծից ազատագրված Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»: Այդպիսով, այդ համագումարում պաշտոնապես տրվեց Հայաստանի վրա հարձակվելու մեկնարկը:

1920-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման Սարիղամիշի ուղղությամբ: Քեմալականների արշավանքն ուղեկցվում էր կարմիր դրոշներով ու ռուսական հեղափոխական լոզունգներով: Շուտով արևելքից սկսվեց նաև Սովետական Ռուսաստանի և Ադրբեջանի կոալիցիոն զորամիավորումների առաջխաղացումը դեպի հայկական տարածքներ: Այդպես ընկավ անկախ Հայաստանը, բայց արդյո՞ք մենք լավ ենք սերտել պատմության այդ ցավալի դասերը և արդյո՞ք մենք վերջապես պետք է հասկանանք, թե ով՝ ով է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել