Վերջերս հաճախ է խոսվում «ազգային վստահության» կամ «համաձայնության» կառավարության ձևավորման անհրաժեշտության կամ ցանկության մասին, բայց մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ, թէ ինչ է նշանակում այդ «վստահությունն» ու «համաձայնությունը»։ Այն ինձ հիշեցնում է երբեմնի տարածում գտած «ազգային գաղափարախոսությունը», որը, ինչպես ցույց տվեց ապագան, իրոք կեղծ կատեգորիա է։
Ում կողմից է վստահված կամ համաձայնեցված այդ կառավարությունը???
Նորմալ իրավիճակներում այդ համաձայնությունն ու վստահությունը ձեռք է բերվում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունն ու համապատասխան ընտրազանգվածը։ Այլ խոսքերով ասած, ազգային վստահությունը կամ համաձայնությունը պետք է հիմնված լինեն ներկայացուցչության վրա, իսկ այն առկա է լինում բացառապես խորհրդարանում, որն ունի բացարձակ լեգիտիմություն և արտահայտում է հասարակական տրամադրությունները։
Բայց կարելի է արդյոք այդ բանաձևը կիրառել մեր խորհրդարանի վրա??
Հարցն արդեն հնչում է քաղաքական սատիրայի ոլորտից, որովհետև մեր այսօրվա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից ձևավորված ցանկացած կառավարություն ոչ միայն չի կարող արտահայտել որևէ համաձայնություն, այլ նաև ուղղակի կքանդի պատկերացրած վստահության բոլոր կանոնները։
Պետք է խոստովանել, որ անկախացումից 25 տարի հետո մենք դեռ չենք կարողացել ձևավորել բազմակուսակցական քաղաքական համակարգ, քանի որ ֆորմալ առումով խորհրդարանում առկա գրեթէ բոլոր քաղաքական ուժերը, չնայած որ գործում են տարբեր անուններով, հետապնդում են բացառապես մեկ նպատակ. ամրապնդել միակուսակցական կառավարման հիմքերը և ձգտել հնարավորինս մոտ գտնվել այդ կառավարմանը՝ օգտվելով դրա բարիքներից։
Հիմա մենք ուզում ենք ում կամ ինչը վստահել այդ ուժերին, ազգը, ժողովուրդը թէ պետությունը։
Անկեղծ ասած, ես նույնիսկ իմ շանը, որին, պետք է խոստովանեմ, շատ եմ սիրում, չէի վստահի այդ «համաձայնության» կամ «վստահության» կառավարությանը»։
Իսկ եթե քաղաքագիտությունը կարող է առաջարկել այդպիսի կառավարության ձևավորման այլ աղբյուր, ապա ուրախ կլինեմ իմանալ այդ մասին, ու թերևս կքննարկեմ շանս այդ կառավարությանը վստահելու հարցը)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել