Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ տեղի ունեցավ մահափորձ պրն. Պ. Հայրիկյանի վրա: Իհա´րկե, դա շատ ցավալի և դատապարտելի երևույթ էր: Սակայն ամենաաղմկալի հարցը, որը շարունակում էր շատ ու շատ օրեր մնալ մամուլի, քաղաքացիների շուրթերին, դա այն հարցն էր, թե արդյո՞ք ընտրությունները չեն հետաձգվի: Կարծես մեր ազգի համար դա լիներ շատ ավելի կարևոր հարց, քան թե մարդկային կյանքը: Այս հարցի շուրջ շատ էին աղաղակում թե´ մամուլը և թե՛ քաղաքական ակումբերը, սակայն որոշակի ժամանակ անց` աղմուկ-աղաղակից հետո, պարզ դարձավ, որ ընտրությունները չեն հետաձգվի, քանի որ պրն. Հայրիկյանը չի ներկայացնի դիմում ՀՀ Սահմանադրական դատարան:
Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ նորմալ է` պահպանվում են բոլոր օրենսդրական և սահմանադրական պահանջները, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետը, որտեղ նշվում է, որ Սահմանադրական դատարանը օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները, իսկ այս հոդվածին տրամաբանորեն լրացնելու է գալիս ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածը, որտեղ նշվում է, թե ովքեր կարող են դիմել Սահմանադրական դատարան, իսկ 100-րդ հոդվածի 4-րդ կետով պայմանավորված` դիմումները կարող են ներկայացնել միայն հանրապետության նախագահի և պատգամավորության թեկնածուները` իրենց առնչվող հարցերով, իսկ այս հոդվածը վերջանում է հետևյալ բառերով` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում (ՀՀ Սահմանադրություն 101-րդ հոդված 9-րդ կետ):
Այսպիսով, ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը՝ հասկանում ենք, որ պրն. Հայրիկյանի պարագայում ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք կներկայացներ վերջինս դիմում Սահմանադրական դատարան:
Իսկ այժմ եկեք հետազոտենք մի հիպոթեթիկ, բայց շատ հավանական սցենար:
Սցենար համար 1
Թեկնածուներից մեկի վրա տեղի է ունեցել մահափորձ: Մահափորձի արդյունքում, ենթադրենք, թեկնածուն արդեն մի քանի օր է գտնվում է անգիտակից վիճակում` կոմայի մեջ և փաստացի ի վիճակի չէ` ո´չ գիտակցորեն և ո´չ ֆիզիկապես իր ունեցած անհաղթահարելի խոչընդոտների մասին (ՀՀ Սահմանադրություն 52-րդ հոդված) դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան:
Հարց
Ի՞նչ է, այս պարագայում էլ ընտրությունները չէին հետաձգվի, քանի որ փաստացի անհաղթահարելի խոչընդոտներ ունեցող անձը չի կարողանում ներկայացնել դիմում Սահմանադրական դատարան` իր ունեցած խոչընդոտների վերաբերյալ:
Սցենար համար 2
Թեկնածուներից մեկի վրա տեղի է ունեցել մահափորձ: Մահափորձի արդյունքում ենթադրյալ թիրախը չի զոհվել, գտնվում է ֆիզիկապես շատ ծանր, սակայն գիտակից վիճակում: Ենթադրենք նաև, որ իր վրա մահափորձ կազմակերպող անձնավորությունը առևանգում է նաև ենթադրյալ զոհի մոտ ազգականներից մեկին` օրինակ որդուն, և տեղեկացնում է, որ եթե ենթադրյալ զոհը օգտվի ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածից և 100-րդ, 101-րդ հոդվածներից, ապա վերջինս կսպանի առևանգված ազգականին` մեր օրինակում որդուն:
Հարց
Ի՞նչ է, այս պարագայում էլ ընտրությունները չեն հետաձգվի` մինչև դեպքի ամբողջությամբ բացահայտումը:
Նման օրինակները կարելի է անընդհատ գրել ու գրել, որի արդյունքում պարզ է դառնում, որ թե´ ՀՀ Սահմանադրությունը և թե´ ՀՀ ԸՕ-ն ունեն էական բացթողումներ: Գուցե կարելի է անել այնպես, որ ցանկացած պարագայում ԿԸՀ-ի անդամները կամ ԿԸՀ-ի նախագահը դիմեն Սահմանադրական դատարան, եթե ոչ, առաջարկեք մեկ այլ տարբերակ....
Փաստը մնում է փաստ, որ ոչ ոք երաշխավորված չէ վերը նշված 2 սցենարներից...



