«Իրավունքի» զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաև դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է): Նա ևս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը: «Թուրքիա գնացած-եկած» և նման պիտակները, չնայած անցել է բավականին ժամանակ, բայց դեռ հետապնդում են նրան:

 

Անահիտը թրաֆիքյորների, ինչպես ինքն է ասում՝ «ձեռքի խաղալիքը եղավ գրեթե կես տարի»: Հայաստան վերադառնալուց հետո էլ այդ թուրքական գերությունը հետապնդում է նրան:

 

Անընդհատ այդ շահագործման տեսարանները, թուրք ու քուրդ տղամարդկանց հպումները, զրկանքներն ու ստորացումները հանգիստ չեն տալիս ինձ: Մի պահ ինձ թվաց՝ կխելագարվեմ ու էդպես էլ կլիներ, եթե հարազատներս կողքիս չլինեին, ժամանակին հոգեբույժի չդիմեին: Այդ կես տարին ինձանից խլեց ապրելու, դիմացինիս հավատալու կարողություններս ու ամենացավալին՝ ադեկվատությունս: Ինձ տարան հոգեբուժարանի, պարզվեց՝ ունեմ լուրջ հոգեկան խնդիրներ, այժմ հաշվառված եմ հոգեբուժարանում: Հոգեբույժի հսկոսության տակ եմ:

 

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց Անահիտին համոզել՝ պատմել իր հետ կատարվածը:

 

«Ես երբեք չեմ կարող մոռանալ թեկուզ մի դրվագ այն դժոխային ամիսներից, որ իմ կամքից անկախ անցկացրի օտար երկրում, օտար տղամարդկանց գրկում: Ապրում էի Հայաստանի փոքրիկ բնակավայրերից մեկում, միայնակ, սոցիալապես ծանր պայմաններում, չունեի մշտական աշխատանք: Ծանոթներիցս մեկն առաջարկեց մաքրուհու աշխատանք։ Թուրքիայում: Համոզեց, որ եթե մի քանի ամիս էլ աշխատեմ ու հետ գամ, ոչ մի բանի կարիք չեմ ունենա:

 

Ինձ դիմավորեցին ծանոթիս ասած մարդիկ, տարան ինչ-որ տուն: Մի քանի ժամ մնալուց հետո ասացին, որ պետք է առաջին անգամ աշխատանքի գնամ, ծանոթանամ աշխատանքիս բնույթին: Այդ պահին մտքովս էլ չէր անցնում, որ կես ժամ հետո հայտնվելու եմ ինչ-որ ակումբում, որտեղ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են տեղի քուրդ ու թուրք տղամարդիկ: Թշնամուս անգամ չեմ ցանկանա ապրել այդ րոպեները, որոնց միջով ես անցա այդ պահին:

 

Իհարկե սկսեցի ընդդիմանալ: Երբ սկսեցի բղավել, ընդդիմանալ, գլխիս վերևում կանգնեցին երկու հաղթանդամ տղամարդիկ՝ մտրակները ձեռքներին: Իսկ ինձ դիմավորողներն էլ բարձր ձայնով ծիծաղելով ասացին՝ դժվար դու ուզենաս էս մտրակների ուժին ծանոթանալ:

 

Չեմ ուզում անդրադառնալ հետագա դաժան մանրամասներին, միայն կասեմ, որ այդպես կես տարի շարունակ անընդմեջ ծեծի, սպառնալիքների, անհաց ու անջուր մնալուց զատ՝ ստիպված էի օրական ամենաքիչը 5-10 թուրք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առանց տարիքային սահմանափակման:

 

Ինձ ստիպում էին անել ամեն ինչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ծեծի ու սպառնալիքների դոզան էր մեծանում: Մի պահ եկավ, դարձել էի շնչող իր, որին ով ասես կարող էր մոտենալ ու հետն ուզածի պես վարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել