Հայաստանի ամերիկյան համալսարանում  այսօր մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2016» 8-րդ չկոնֆերանսը: Երկօրյա չկոնֆերանսի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ 2009 թվականին առաջին «ԲարՔեմփին» մասնակցում էր 400 մարդ, այս տարի մասնակիցների թիվն անցել է 3000-ը։

«Ակնհայտ է, որ տարեցտարի աճում է հետաքրքրվողների քանակը։ Միայն օնլայն հարթակում 3000 մարդ է գրանցվել, ընդ որում՝ մասկնակցության համար պետք էր հայտ լրացրել, որ թե ուղղակի մի քլիք անել, որ մտածենք ուղղակի է հայտագրվել։ Փորձը ցույց է տալիս, որ բուն միջոցառմանն ավելի շատ մարդ է գալիս, քան գրանցվել է։ Դա արդեն իսկ երևում է, սենյակներ մտնել չի լինում։ Քանի որ թեմաների շրջանակը լայն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մեդիա, մարդկանց շրջանակը ևս լայն է»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ «ԲարՔեմփ»-ը մարդկության և ապագայի նկատմամբ հույսը կորցրածները «Բարքեմփ»-ում կարող են լիցքավորվել:

Սամվել Մարտրոսյանն իր պրեզենտացիայի ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես են մարդիկ դառնում տեղեկատվական գերհոսքերի և մանիպուլացիաների զոհ. «Փաստացի, մարդկությունը որակապես նոր ժամանակշրջան է մտնում, որտեղ կարևոր է լինելու ոչ միայն մարդու ունակությունը՝ ավանդական գիտելիքներով հարմարվել կյանքին, այլև տեղեկատվության հետ աշխատելը, այն մարսելը»։

Այս տարի «Բարքեմփում» նկարահանում և օնլայն հեռարձակնում են բոլոր սենյակների պրեզենտացիաները, այնպես որ մասնակիցները բացթողածները լրացնելու հնարավորություն ունեն։

«ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» ինտերնետ ներկայության բաժնի ղեկավար Հասմիկ Ալավերդյանը խոսեց ժամանակակից ինտերնետ օգտատերերի և ինտերնետի վերահսկման մասին։ «Մենք տեսնում ենք ինտերնետը որպես մեծ ենթակառուվածք, սակայն չենք  տեսնում այն կառույցները, որոնք աշխատացնում են ինտերներտը, որոշումներ են կայացնում հետագա զարգացումների միտումների վերաբերյալ։ Ես ներկայացրի, թե ինչպես է ստեղծվել ինտերնետը, ինչ դեր ունեն ԱՄՆ-ը և այնտեղ հիմնադրված կորպորացիաները, ինչպես են ղեկավարվում տեխնիկական էլեմենտները, առանց որոնց ինտերնետի գոյությունն անհնար է։ Համացանցի վերահսկողության մասով աշխարհն այսօր բաժանվել է 2 մասի՝ լիբերալ և վերահսկող։ Ռուսաստանն ու Չինաստանը հիմնական պետություններն են, որոնք փորձում են մեծացնել իրենց դերն ինտերնետի կառավարման հարցերում և իրենց երկրի տարածքում վերահսկում են հաղորդակցության ցանցերը»,- ասաց նա ու հավելեց, որ Հայաստանը լիբերալ երկրների շարքում է, քանի որ չի ստորագրել այն փաստաթուղթը, որի համաձայն ինտերնետը պետք է վերահսկվեր, գրաքննվեր։ Հասմիկը նշեց, որ տարածաշրջանում այդպիսի կողմնորոշում ունի նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել  են վերահսկման փաստաթուղթը։

«Yandex Taxi»-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն ներկայացրեց իրենց  օնլայն տաքսին, որը Երևանում կգործի հուլիսի 1-ից։ Այն շուկայում հանդես կգա այնպիսի նոր առաջարկներով, որպիսիք Հայաստանում դեռ չեն եղել։

Անդրադառնալով «Բարքեմփին»՝ Շիլեյկոն նշեց, որ շատ ուրախալի է հայ երիտասարդության ակտիվությունը։ Նա նկատե, որ Մոսկվայում ևս կազմակերպվում են «Բարքեմփներ», սակայն ռուս երիտասարդներն այսքան ակտիվորեն չեն մասնակցում միջոցառումներին։

     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել