Օռլանդոյի գեյ-ակումբում հրաձգությունից տուժած Ֆելիպե Մարերոն պատմել է, որ ստիպված է եղել մահացած ձևանալ հարձակման ժամանակ, և այդպիսով փրկել է իր կյանքը՝ դառնալով ակումբի ներսում տեղի ունեցածի վկան: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Մարերոն հայտնել է, որ ինքը հայտնվել է հրաձիգի և դռան միջև և չի կարողացել փախչել ակումբից, այդ ժամանակ նա ընկել է գետնին և մահացած է ձևացել:

«Ես ընկած էի հատակին առնվազն 30 րոպե՝ փորձելով ավելորդ շարժումներ չանել: Պարզապես մահացած ձևացա»,- պատմում է Մարերոն:

Նրա խոսքով՝ իր կողքին ընկած է եղել տղամարդ, որի գլուխը ջախջախված է փամփուշտից, շուրջը սպանվածներ են եղել, ներառյալ՝ իր ընկերը: Այդպես անցել է ևս 30-40 րոպե, սրահում բղավոցներ են լսվել:

«Ամբողջ տարածքում վառոդի նման վատ հոտ էր գալիս, օդում մահվան հոտ էր զգացվում»,- ասել է Մարերոն:

Նրա խոսքով՝ ներսում կրակոցների ձայները դադարել են և պատուհաններից երևացել են ոստիկանության ճառագայթող լույսեր: Դրանից հետո զինված Օմար Մատինը մոտեցել է Մարերոյին և կրակել է նրան: Փամփուշտները դիպել են Մարերոյի մեջքին և ձախ ձեռքին:

Նրա խոսքով՝ դրանից հետո գլխավոր մուտքի մոտ երևացել են ոստիկանության սպաներ, իսկ հանցագործը փախել է ակումբի շենքի մյուս մաս:

Իր ապրածը Մարերոն պատմել է ՀԴԲ-ի աշխատակիցներին, որոնք զբաղվում են կատարվածի հետաքննությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել