Բամբասում են բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, սոցիալական դիրքից ու կարգավիճակից: Ու չնայած չկա մարդ, որը չի բամբասում, ուրիշի բամբասանքը յուրաքանչյուրս գնահատում ենք «տգեղ արարք»: Թյուր կարծքի կա նաև, թե իբր կանայք ավելի շատ են բամբասում, քան տղամարդիկ: Պարզվում է՝ տղամարդիկ նույնպես բամբասում են, ու եթե կանանց պարագայում բամբասանքի հիմնական թեման հարևանի հարսի փնթի լվացքն է կամ հեռուստահաղորդավարուհու եթերից դուրս կյանքը, ապա տղամարդիկ բամբասում են շատ ավելի լուրջ թեմաների շուրջ՝ քաղաքականություն, կոռուպցիա, քրեական հեղինակությունների մասին լեգենդներ և այլն: Իսկ դու՞ք գիտեք, որ բամբասելը իրականում այնքան էլ «վատ» բան չէ: Պարզվում է՝ բամբասանքը մարդուն օգնում է ազատվել էմոցիաների վակուումից: Բուռն էմոցիաների բացակայությունը կյանքում բերում է այնպիսի վատ հետևանքների, ինչպիսիք են խրոնիկ հոգնածություն, դյուրագրգիռ հոգեվիճակ, աշխատունակության անկում, ինքնամփոփ տրամադրություն: Իսկ ահա բամբասելու ընթացքում մարդը հնարավորություն է ստանում ապրել էմոցիոնալ վերելք՝ անգամ եթե դա ոչ մի էական կապ չունի սեփական խնդիրների ու կյանքի հետ: Այլ կերպ ասած՝ բամբասանքը օգնում է մարդուն մի պահ ապրել ուրիշի կյանքով, իսկ դա ավելի լավ է, քան չունենալ բացարձակ ոչ մի էմոցիա, որովհետև կյանքն առանց էմոցիաների իսկապես ձանձրալի է: Այնպես որ բամբասեք, կիսվեք ձեր էմոցիաներով ձեր մտերիմների հետ , սակայն մի մոռացեք բամբասելու թիվ մեկ անվտանգության կանոնը՝ բամբասել կարելի է միայն վստահելի մարդու հետ այն երաշխիքով, որ այն ինչ քննարկվել է՝ կման միայն ձեր մեջ:



