Tert.am-ը գրում է.
Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այսօր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ հարկային նոր օրենսգիրքը տապալելու համար մեծ շարժում է սկսվելու:
«Էս հարկային օրենսգիրքը մենք տապալելու ենք: Գիտեք՝ մեր կուսակցության անդամների մի մասը պայքարում էր «Դեմ եմ» շարժման շրջանակում: Մենք մարդկանց հանելու ենք փողոց, և էս օրենսգիրքը պետք է տապալվի: Ովքեր լինելու են հակառակ կողմում, տապալվելու են օրենսգրքի հետ, կամ` վերցրեք, տարեք էս օրենսգիրքը»,-կառավարության ներկայացուցչին դիմելով՝ ասել է պատգամավորը:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե ասոցիացիան պատրա՞ստ է միանալ Հարկային օրենսգրքի դեմ Էդմոն Մարուքյանի նշած փողոցային պայքարին:
«Պայքարին մենք միացել ենք օրենսգրքի քննարկման փուլից, բայց փողոց դուրս գալու համար... Մենք քաղաքական կառույց չենք: Եթե տնտեսվարողները ինքնակազմակերպվեն, մենք իրենց կաջակցենք երկխոսություն ապահովելու համար, ինչպես եղավ շահութահարկի ժամանակ: Ձևավորվեց «Կասեցում» շարժում՝ իրենց պահանջներով, ասոցիացիան ստանձնեց երկխոսություն ապահովելը կառավարության և բողոքող տնտեսվարողների միջև»,-ասաց նա։
Ըստ ՓՄՁ ասոցիացիայի նախագահի՝ խնդիրն այն է, որ այսօր այն բիզնեսները, որոնց կյանքը կարող է վատթարանալ օրենսգրքի կիրառման արդյունքում, տեղյակ չեն օրենսգրքից:
«Որպես կանոն, փողոց դուրս գալու պոտենցիալը ձևավորվում է օրենքի ուժի մեջ մտնելուց մի 6 ամիս հետո, երբ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են, թե դա ինչպես է իրենց կյանքը փոխել, իրենք դուրս են գալիս իրենց «դեմ»-ը արտահայտելու: Եթե մինչև 2018-ը օրենքի հեղինակները իրազեկման աշխատանքներ տանեին նաև ֆոկուս խմբերի հետ, ապա փողոց դուրս գալու կարիքը ավելի շուտ կբացահայտվեր»,-տեսակետ հայտնեց Ավագյանը:
Ըստ նրա՝ բացի այն, որ բիզնես առանձին ասոցիացիաները՝ գինեգործները, կաշեգործները մասնակցություն չեն ունեցել օրենսգրքի քննարկումներին, իր համար ավելի մտահոգիչ է, որ նախարարությունների՝ Էկոնոմիկայի, Սոցապի, Գյուղնախի հայտարարած գերակա ճյուղերը հաշվի չեն առնվել օրենսգրքում:
«Օրենսգիրքը պետք է անտեսանելի ձեռքով գերակա ճյուղերին օգներ, օրինակ՝ ամորտիզացիոն ժամկետները ավելի երկար սահմանելով, իսկ հիմա մենք օրենսգրքում հակառակն ենք տեսնում, պետք է օգներ դրույքաչափեր փոխելով կամ ներդրումները խրախուսելով, իսկ այսօր հակառակն ենք տեսնում, երբ շահաբաժինները հարկվում են»,-ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է հարկային բեռի ավելացման առթիվ մտահոգություններին, ՓՄՁ փորձագետն ասաց, որ հարկային բեռն ավելանում է մի քանի դեպքերում, բոլորի համար դա չի կարելի ասել. «Օրինակ՝ շահութահարկի տոկոսադրույքը մնացել է նույնը: Բայց եկամտային հարկի դեպքում ինչ-որ մասի աշխատավարձերի վրա այդ բեռն ավելանում է: Կամ մենք մինչև հիմա չենք ունեցել շահաբաժնի հարկում, բայց օրենսգրքով դա սահմանվում է: Սրանք ակնհայտ դրույթներն են, որը բերում են բեռի բարձրացման, բայց կան նաև թաքնված դրույթներ, որոնք լրացուցիչ փաստաթղթավորման, լրացուցիչ պահանջների արդյունքում բերում են բեռի թաքնված բարձրացման»:



