Tert.am-ը գրում է.
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում գնահատում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը/ Գարեգին Նժդեհի արձանի բացումից ու դրան ռուսաստանյան արձագանքներից հետո Tert.am / և պատասխանում հարցին, թե արդյո՞ք պատահականություն է, որ ԱԺ նստաշրջանի օրակարգում գտնվող ՀՕՊ համաձայնագրի վավերացման որևէ ժամկետ այս պահին չի հայտնվում:
-Պարոն Զաքարյան, տեղեկությունը, որ ՀՕՊ համաձայնագրի քննարկումը տեղի չի ունենալու, համընկավ այն շրջանին, երբ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, ոչ լավ ժամանակներ են ապրում: Արդյո՞ք սա պատահականություն է:
-ԱԺ կանոնակարգը պետք է ճիշտ մեկնաբանել: Մենք հիմա արտահերթ նստաշրջան ենք անցկացնում, որտեղ ներառված են այն հարցերը, որոնք կառավարության կողմից ներկայացվել են: Իսկ ՀՕՊ համաձայնագիրը գտնվում է ԱԺ օրակարգում և այն կքննարկվի պատեհ պահի: Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և համաձայնագիրը պատրաստ է խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը: Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ այն երկկողմ գործընթաց է և պետք է անցնի նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վավերացման գործընթացը, որը դեռևս ավարտված չէ: Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած հայ-ռուսական հարաբերությունների ոչ լավ ժամանակներին, ապա պետք է նշեմ, որ դրանք ավելորդ շահարկումներ են: Հայ-ռուսական հարաբերությունները ստվերվել չեն կարող:
- Գարեգին Նժդեհի արձանի շուրջ արձագանքը: Պարոն Զաքարյան, ՀՀԿ-ն, որի գաղափարախոսության հիմքում Նժդեհի ուսմունքն է, տասը տարուց ավելի է համագործակցում է «Եդիանայա Ռոսիայի» հետ: Նրանք, ի՞նչ եք կարծում, տեղյակ չե՞ն այդ մասին: Չե՞ք համարում, որ Մոսկվայի բարձրացրած աղմուկն արհեստական է:
-Մեր օտարերկրյա բարեկամների համար Նժդեհ չիմանալը մեղք չէ, այնպես, ինչպես, գուցե, ես ևս խորապես չեմ տիրապետում տարբեր ազգերի հայտնի գործիչների կյանքին ու գործունեությանը: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայ ազգային-պետական գործիչ Գարեգին Նժդեհի անունն ու գործը հավերժ մնալու է Հայ ժողովրդի պատմության ոսկե մատյանում՝ որպես հայրենապաշտության փառավոր օրինակ: Խնդիրն այն է, որ այդ հարցուպատասխանի ծագումն ունի ադրբեջանական ակունքներ, ինչը հարիր չէ հայ-ռուսական դաշնակցային և բարեկամական հարաբերություններին:
- Միջազգային հետաքննության մեխանիզմների մասին: Հիշեցնենք, որ Վրաստանում ռուս-վրացական պատերազմից հետո իրականացվեց միջազգային հետաքննություն, որից ակնհայտ դարձավ, որ Վրաստանն է նախահարձակ եղել, հիմա մենք ինչո՞ւ չենք սա անում, իսկ եթե անում էլ ենք, չե՞նք ուշանում:
-Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի վերաբերյալ կան բազմաթիվ փաստեր, որոնք պարբերաբար ներկայացվել են միջազգային հանրության տարբեր շրջանակներին և դիվանագիտական ուղիներով, և խորհրդարանական գործընկերության մեխանիզմներով և նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով: Ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինուժը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված խոշտանգումներ և վայրագություններ, ինչպես Արցախի խաղաղ բնակիչների, այնպես էլ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորականների նկատմամբ: Այս խնդիրն ունի և՛ քաղաքական, և՛ իրավական բաղկացուցիչներ, որոնց շուրջ իրականացվում է համապատասխան աշխատանք պատկան մարմինների կողմից:
-ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը չի բացառել, որ ՄԽ համանախագահների ջանքերով կայանալիք հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաև Պուտինը: ՌԴ նախագահի մեծ հետաքրքրությունը ինչով եք պայմանավորում:
-Հանդիպման մասին տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ: Սակայն մի մոռացեք, որ նախ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, երկրորդ՝ ՌԴ-ն նախագահները նախկինում ևս հանդես են եկել նմանատիպ նախաձեռնություններով, և վերջապես ՌԴ-ն ևս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ մեկտեղ շահագրգիռ է ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ և քաղաքական լուծումների հարցում:



