Tert.am-ը գրում է.
Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: Եվ որպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և ազգայնականության հետ որևէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգայնական չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը.Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ վերջինս ասել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:
ԱԺ փոխխոսնակը հիշեցնում է, որ 1939 թվականին ՍՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Գերմանիայի հետ համաձայնագիր ստորագրեց չհարձակվելու մասին, բայց ոչ ոք նրան ֆաշիստ կամ ազգայնական չի համարում. «Բոլորը հասկանում են, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց, քանի որ բխում էր ՍՍՀՄ-ի և սովետական ժողովրդի շահերից, որպեսզի կանխվեր ֆաշիստական Գերմանիայի հնարավոր հարձակումը: Նույնը եղել է Նժդեհի պարագայում. նա համագործակցեց Գերմանիայի հետ, որպեսզի Գերմանիայի հաղթանակի դեպքում հնարավոր լինի կանխել Բեռլինի դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»:



