Tert.am-ը գրում է.

Հայաստանում չի կարող որևէ համաձայնագիր ընդունվել որևէ մեկի դեմ է, այն էլ՝ գործընկեր ՆԱՏՕ-ի. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:  

«Ցանկացած համաձայնագիր ՀՀ շահերի սպասարկման համար է և ոչ թե ընդդեմ որևէ մեկի կամ ընդդեմ նույն ՆԱՏՕ-ի, որի հետ Հայաստանն ունի շատ նորմալ գործընկերային հարաբերություն»,-ասաց նա` ի պատասխան այն պնդումների, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը կվտանգի Հայաստանի անվանգությունը, քանի որ կգործի ընդդեմ ՆԱՏՕ-ի:   

Պնդումները, թե ՀՕՊ համաձայնագրով Հայաստանը հերթական անգամ վտանգում է իր ինքնիշխանությունը, քանի որ հատկապես ապրիլյան զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի վրա հույս դնելն անվտանգության հարցում անմիտ է, Բեքարյանն արձագանքեց. «Կիսատ փակագծերով, անիմաստ, իրար ոչ կոռեկտ միացված ֆրազաները հանրության մեջ ստեղծում են լրիվ այլ ակնկալիքներ և ապատեղեկատվություն, դրանից պետք է զերծ մնալ, որը թարս է աշխատում»:

Ըստ նրա՝ տեղին չէ այն դիտարկումը, որ ապրիլյան օրերին ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չաշխատող կառույց է:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրին, ասել էր, թե սա տարածաշրջանի անվտանգության կառուցման առաջին փուլն է:

«Երկրորդը՝ այդ համակարգերը միասնական կանոնների տակ վերցնելն ու միասնական վերահսկողություն սահմանելն է: Կարծում եմ, որ սա մեծ քայլ է, մեծ միջոց՝ մեր պետությունների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել էր նա:

«ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ պարագայում չի եղել այն խնդիրը, որը դուք կարող եք ունենալ որպես փորձաքար նրա աշխատելու և չաշխատելու վերաբերյալ, չի առաջացել այդ հարցը, և չեք տեսել նրա աշխատելը: ՀՀ սահմաններին մենք լայնամասշտաբ ագրեսիայի որևէ էլեմենտ չունենք։ Ինչ վերաբերում է այն բոլոր միջոցառումներին, որոնք ՀՀ պաշտոնական սահմաններին տեղի են ունենում, ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ՝ այդ կողմը պետք է դիմի: Հայաստանը երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին որևէ օգնության համար, որը օբյեկտիվ է, սա այլ հարց է»,-ասաց նա:

Իսկ թե այդ դեպքում, եթե օգուտ չկա, ինչո՞ւ հնարավոր վտանգներից խուսափելու համար Հայաստանը չի հրաժարվում նման համաձայնագրերից, ինչպես օրինակ ԵՏՄ-ի դեպքում է, երբ նշվում էր, որ դա առաջին հերթին բխում է ՀՀ անվտանգությունից, Բեքարյանը բացատրեց. «Խնդիրը հետևյալումն է, որ եթե դու, որպես ՀԱՊԿ անդամ, կարողանում ես ձեռք բերել զինատեսակներ և ռազմական գործին առնչվող ցանկացած բան՝ սարքավորում, հագուստ և այլն, և այլն՝ որպես ՀԱՊԿ անդամ արտոնյալ գներով, այդ արտոնյալ գների հետ կապված քո հնարավորությունը օգուտ է, որ գնային քիչ ես վճարում, որը կարող ես կորցնել մաքսային սահմանի վրա, քանի որ ԵՏՄ անդամ չես, որովհետև դու ընկնելու ես այլ մաքսատուրքի տակ»:

Ի դեպ, Բեքարյանն անդրադարձավ նաև ռազմական դաշնակից ՌԴ-ին, որը պետք է 200 մլն-ի զենք տրամադրեր վարկով և որն այդպես էլ տեղ չի հասնում:

«Էլի է ինֆորմացիան կիսատված ներկայացվում: Մենք 200 մլն-ի գործարքն ամբողջությամբ չենք ավարտել: Սա արդյո՞ք նշանակում է, որ ոչինչ չի տրամադրվել, իհարկե ոչ: Հիմա եթե ուզում եք ճշտել՝ որ մասն է տրամադրվել, որը ոչ և չտրամադրվածը ինչ գրաֆիկի տակ է, իրավասու մարմնին պետք է հարցնել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել