Tert.am-ը գրում է.
Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ մի քանի հազար ցուցարարներ են հավաքվել, երևում է Թուրքիայի դրոշը, ցուցարարներից մեկը պահել է «Գերմանիայի թուրքերը մերժում են ցեղասպանության մեղադրանքը» գրությամբ պաստառը: Սակայն դա չեն մերժում Գերմանիայի խորհրդարանականները, գրում է բրիտանական BBC-ն՝ նշելով, որ Գերմանիան հետևել է ավելի քան 20 երկրների օրինակին, որոնք պաշտոնապես համաձայն չեն ցուցարարի այդ պնդման հետ:
 
Անցած շաբաթ Բունդեսթագում տեղի ունեցած քվեարկությունն առաջացրել է Գերմանիայում ապրող որոշ մարդկանց վրդովմունքը. Գերմանիայում թուրքական ծագմամբ մոտ 3 միլիոն մարդ է ապրում: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:
 
BBC-ն հիշեցնում է, որ բանաձևի օգտին քվեարկած խորհրդարանականներից 11-ը թուրքական ծագում ունեն: Թուրք փաստաբանների մի խումբ արդեն բողոք է ներկայացրել՝ նրանց մեղադրելով «թուրքականությունը և թուրքական պետությունը վիրավորելու» համար։
 
Այն նաև բացառիկ դիվանագիտական վեճ է առաջացրել: Քվեարկությունից հետո Թուրքիան անմիջապես հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին, բայց գերմանական մամուլի էջերում գերիշխել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հայտարարել է, որ թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականները պետք է արյան թեստ հանձնեն՝ պարզելու համար, «թե ինչ տեսակի թուրք են նրանք»: Նա մեղադրել է նրանց ահաբեկիչ լինելու և փչացած արյուն ունենալու համար։ Լրատվամիջոցը նշում է, որ նրանցից առնվազն մեկը՝ Ջեմ Օզդեմիրը, մահվան սպառնալիքներ է ստացել և այժմ ոստիկանական հսկողության տակ է:
 
Գերմանական խորհրդարանը սարսափած է: Խորհրդարանի խոսնակ Նորբերտ Լամերտը հայտարարել է, որ մեկ առանձին խորհրդարանականի վրա հարձակումը հարձակում է ողջ կառույցի վրա: Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նամակ է գրել Անկարային՝ դատապարտելով Էրդողանի մեկնաբանությունները և դրանք «բացարձակ տաբու» անվանելով:
 
BBC-ն գրում է, որ ժամանակի ընտրությունը Գերմանիայի կանցլերի համար սարսափելի է՝ հաշվի առնելով Թուքիայի և ԵՄ-ի միջև փախստականների վերաբերյալ համաձայնագիրը:
 
Լրատվամիջոցը գրում է, որ այժմ դժվար է պատասխանել, թե որքան վնաս կհասցնի այս վեճը երկարաժամկետ հարաբերություններին և ԵՄ-ի համաձայնագրին: Օգտագործվող լեզուն թեժացած է, իսկ Շուլցի միջամտությունը՝ կարևոր:
 
Լրատվամիջոցը մեջբերում է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքերը, ով ասել է, որ Գերմանիան և Թուրքիան կարևոր դաշնակիցներ են, և չնայած Թուրքիան համապատասխան արձագանք կտա բանաձևին, բայց դա չի վտանգի իրենց սերտ հարաբերությունները: Մեկնաբանները նշում են, որ Գերմանիան Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերն է:
 
Բեռլինում զգացողություն կա, որ խորհրդարանական բանաձևը խթանել է անախորժ, բայց կանխատեսելի վեճ, որը հիմնականում նիզակները ճոճել է իրենից ներկայացնում: Այնուամենայնիվ, այն ցնցող իրավիճակ է: Եվ այն Գերմանիայի անցյալի և իր ներկայի ցավալի հիշեցում է: Բունդեսթագի բանաձևում նշվում է նաև, որ Գերմանիան, որն Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ոչինչ չի արել ցեղասպանությունը կանգնեցնելու համար: Իսկ պատերազմից հետո սպանությունները ղեկավարածներից որոշ անձինք ապաստան են ստացել Գերմանիայում: Առնվազն երկու մարդ, ովքեր ավելի ուշ Գերմանիայում սպանվել են հայերի կողմից, թաղված են այստեղ: Մզկիթը, որը կոչվում է նահատակների մզկիթ, այժմ կանգնած է հին գերեզմանոցի մոտ: Այնպես որ պետք չէ սպասել, որ Անկարայի զայրույթը կամ Բեռլինի վրդովմունքը, կամ գերմանացի թուրքերի ցույցերն արագ կմարեն:
 
Բունդեսթագի քվեարկությունը նախատեսված էր անցյալին առերեսվելու, մեղքն ընդունելու և ցավոտ թեման անցյալում թողնելու համար: Փոխարենը՝ անցյալի ձայները Եվրոպայում ավելի բարձր են ճչում, քան երբևէ, գրում է BBC-ն։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել