Tert.am-ը գրում է.
Վրաստանը կատարել է Եվրամիության հետ վիզաների չեղարկման հարցով ստանձնած պարտավորությունները և հիմա հերթը ԵՄ-ինն է։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
 
Նա հույս է հայտնել, որ գործընթացը կավարտվի մինչև հոկտեմբերի 8-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, ինչն արևմտամետ ուժերին կօգնի ավելի մեծ աջակցություն ստանալ:
 
Ինչպես տեղեկացնում է Грузия online կայքը, Թբիլիսիում միջազգային էներգետիկ համաժողովի ընթացքում Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ այս պահին ջանքեր են գործադրվում ԵՄ անդամ երկրների հետ այդ հարցի շուրջ համաձայնության գալու համար:
 
Վրաստանի հույսերն ընթացիկ ամռան ընթացքում վիզաների ազատականացման հասնելու վերաբերյալ նվազել էին, երբ վերջին շրջանում Գերմանիան դեմ էր արտահայտվել դրան:
 
«Ես խուսափում էի եվրոպացի առաջնորդների հետ մեր քննարկումների մանրամասները հրապարակելուց»,-հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը, որը մայիսի 31-ին Բորդո քաղաքում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, իսկ հունիսի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել