Tert.am-ը գրում է.
Խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարելը, այլ՝ որակյալ ու ժամանակին. այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ-ի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպմանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Նախարարության մուտքի մոտ հերթեր էին գոյացել: Հայտարարվեց, որ 580 մասնակից է եղել գրանցված հավաքին մասնակցելու, մինչդեռ բուն գնման գործընթացին քիչ քանակով մատակարարներ են մասնակցում: 
Հնարավոր մատակարարներից մեկից Tert.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունը: Ընկերության ներկայացուցիչը ժպտալով նշեց, որ ակտիվության պատճառն այն է, որ իրենց հրավիրել են:
«6 տարի մերժվել եմ ու էլ չեմ էլ մասնակցել։ Հիմա տեսնենք, կարծես ուզում են հավատացնել, որ ամեն ինչ թափանցիկ է լինելու գնման գործընթացներում»,-ասաց ընկերության ներկայացուցիչներից մեկը:
«Հայտարարում ենք՝ գործընթացը բաց է, դաշտը ազատ է, արտոնյալներ չկան, և ասել, թե մրցույթին մասնակցելն անիմաստ է՝ չկա նման բան. ազատ և համարձակ կարող եք մասնակցել: Հետևեք էլեկտրոնային հասցեին՝ ծանուցում ստանալուց հետո հնարավոր է առաջարկ ստանաք»,-հավաքվածներին հայտարարեց մրցույթի պատասխանատու ՊՆ ներկայացուցիչը: 
Նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ դեպարտամենտի խնդիրը ժամանակին որակյալ մատակարարումն է:
«Դեպարտամենտի առջև խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարելը, այլ որակյալ ու ժամանակին»,-ասաց նա և նշեց, որ միակ լուծումը մրցակցությունն է:
Փոխնախարարը նշեց, որ կոռուպցիան բացառելու համար պատվիրատուն, մրցույթ հայտարարողը և ապրանք ընդունողը տարանջատվելու են:
«Այսուհետ այդպիսի խնդիրները բացառելու ենք»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ պայմանագրերի կնքման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել տեխնիկական բնութագրին և մատակարարման ժամանակացույցին, դրան զուգակցվում է վճարման ժամանակացույցը:
«Անթույլատրելի է լինելու փոփոխության ենթարկումը կնքումից հետո, ժամանակացույցի երկարացումը: Եթե ժամկետները խախտվեցին առանց հիմքերի, միանշանակ լուծարման գործընթաց կսկսվի»,-ասաց նա:
Մովսես Հակոբյանը նշեց, որ չմասնակցելու պատճառը պետք է հասկանալ: «Եթե գործարարությամբ է զբաղվում ու չի մասնակցում, պետք է ժամանակին ձերբազատվենք նման կնիք ունեցողներից, երկրորդ տարբերակը՝ արդեն ներսում փնտրենք՝ ինչու չեն մասնակցում,-ասաց նա:
Փոխնախարարը նաև նշեց, որ արդեն մատակարարված անորակ ապրանքները հետ չեն վերադարձվելու մատակարարին, մինչև նա չփոխարինի տեխնիկական բնութագրին համապատասխան ապրանքով:
«Օրենքից դուրս կարգ չի սահմանվում, ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»,-ասաց փոխնախարարը:
Այնուհետև Մովսես Հակոբյանն անցավ հարցուպատասխանի: Հիմնականում հարց տվողները, իրենց իսկ խոսքով, բավարար պատասխան չստացան:
«Լևոն և Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսինյանը հարցրեց, թե պատերազմյան խառը շրջանում զանգել են և իրեն ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակարարումը ավելացնի: Ըստ նրա՝ իր ընկերության հետ պայմանագիր կա կապած, սակայն հիմա ցանկանում են երկու անգամ ավելի ապրանքը նույն գնով ձեռք բերել:
Մովսես Հակոբյանը պատասխանեց, թե հնարավոր է նրա հետ նոր պայմանագիր չկնքվի և հավելեց, թե դա մատակարարի փնթի աշխատելու պատճառով է: Մատակարարը հակադարձեց, որ ոչ թե իրենց փնթի աշխատանքի խնդիրն է, այլ՝ ՊՆ-ի: