Tert.am-ը գրում է.
Եվրո-2016, A խումբ, 1-ին տուր
Փարիզ, «Ստատդ դե Ֆրանս», 23:00
Գլխ. մրցավար՝ Վիկտոր Կաշայի (Հունգարիա)
Բուքմեյքերներ՝ 1.32-5.60-14.50
Եվրո-2016-ի մեկնարկային խաղում ֆրանսիացիները հյուրընկալելու են Ռումինիային, որը Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է ԱԱ-2018-ի ընտրական փուլում:
Դիդյե Դեշամի սաները հանդես են գալիս սեփական հարկի տակ եւ համարվում են այս խաղի բացահայտ ֆավորիտը: Ֆրանսիացիներն երբեք պարտություն չեն կրել Ռումինիայից, սակայն վերջին 5 հանդիպումներից 4-ում գրանցվել է խաղաղ ելք: Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում Բուխարեստում կայացած մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց:
Ռումինիայի հավաքականը ներկայումս հանդես է գալիս առանց վառ աստղերի եւ ցուցադրում թիմային ֆուտբոլ, ինչը թույլ տվեց Անգել Յորդանեսկուի սաներին հաջողության հասնել ընտրական փուլում: Ռումինացիներն ընտրական փուլն անցկացրին առանց պարտության եւ բաց թողեցին ընդամենը 2 գնդակ: Բնական է, որ առաջիկա մրցավեճում էլ ռումինացիները հիմնականում պաշտպանվողի դերում են լինելու եւ փորձելու են անառիկ պահել դարպասը:
Եթե պաշտպանությունում Ռումինիայի գործերը բավական հաջող են ընթանում, ապա նույնը չի կարելի ասել հարձակման մասին: Ընտրական 10 հանդիպումներում ռումինացիները խփել են ընդամենը 11 գնդակ, որից 4-ը Ֆարերյան կղզիների հավաքականին: Ընդհանրապես, ռումինացիների մասնակցությամբ պաշտոնական խաղերն ընթանում է սակավաթիվ գոլերով:
Ֆրանսիայի հավաքականը լուրջ ջանքեր պետք է գործադրի ամուր պաշտպանություն ունեցող մրցակցի դարպասը գրավելու համար: Խնդիրն իրագործելու համար ֆրանսիացիները ունեն մի շարք կատարողներ, որոնց թվում պետք է առանձնացնել Պոլ Պոգբային: Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող երիտասարդ կիսապաշտպանը ակումբում հիմնականում զբաղված է եղել իտալական թիմերի պաշտպանությունները քանդելով:
Հետաքրքիր կլինի տեսնալ նաեւ, թե ինչպես է Անտուան Գրիզմանը հարձակման գծում փոխարինելու Քարիմ Բենզեմային, ով նախորդ տարի տեղի ունեցած հայտնի սկանդալի պատճառով հեռացվել է հավաքականից:
2016 թվականին Ֆրանսիայի հավաքականը միայն հաղթանակներ է տոնել: Ֆրանսիացիները հաղթել են Հոլանդիայի (3:2), Ռուսաստանի (4:2) ,Կամերունի (3:2) եւ Շոտլանդիայի (3:0) հավաքականներին: Արդյունքները փաստում են, որ Դեշամի սաները բավականին արդյունվաետ են գործում, սակայն պաշտպանությունում կան խնդիրներ, որոնցից հաճախ օգտվում են մրցակիցները:



