Tert.am-ը գրում է.

Խանութների հայտարարած զեղչերին հավատալը և մոլորության մեջ ընկնելը շատ հաճախ նաև սպառողից է գալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: 

Սակայն, ըստ նրա, առաջնային մեղավորությունը տնտեսվարողինն է, ով կեղծ զեղչերի քաղաքականություն վարելով՝ անբարեխիղճ մրցակցության լավագույն օրինակ է ցույց տալիս: 

«Հատկանշական է, որ Հայաստանում նման դեպքերի նվազման միտում չի նկատվում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ որպես կանոն՝ սպառողի շահերը ոտնահարած տնտեսվարողը չի պատժվում և չի ունենում կաշկանդվածություն՝ խաբեության չգնալու:  

Մինչդեռ, ըստ սպառողների շահերի պաշտպանի, ստուգումների սահմանափակումը կոռուպցիոն ռիսկեր պարունակող թիվ մեկ գործոն է մնում, հետևաբար, անհրաժեշտ է, որ մոնիթորինգային մեծ ծրագիր իրականացվի: 

«Ստուգող մարմիններն առաջին հերթին պետք է գնան «Լիկվիդացիոն գներ» և «Աննախադեպ զեղչեր» բանալի բառերով հայտարարությունների հետքերով»,-ասաց Բաբկեն Պիպոյանը: 

Նրա խոսքով՝ առաջին անգամ հաճախորդին մոլորության մեջ գցելու դեպքում տնտեսվարողին պետք է ընդամենը նկատողություն արվի՝ հորդորելով փոխել գովազդային տեսահոլովակի բովանդակությունը՝ այն համապատասխանեցնելով զեղչերի իրական պատկերին: Իսկ եթե խաբեությունը կրկնվի նաև երկրորդ անգամ, ապա միանշանակ է, որ սպառողների շահերը ոտնահարող տնտեսությունները պետք է օրենքի ուժով պատժվեն:  

«Հասարակության և պետական վերահսկողության մարմինների միջև պետք է հարյուր տոկոսանոց վստահություն լինի, մինչդեռ այդ վստահությունն առայժմ չկա: Եթե խանութի՝ պայմանականորեն տասը տոկոս ապրանքները 50 %-ով զեղչված չեն, ապա տնտեսվարողն իրավունք չունի հայտարարելու, որ իր մոտ 50 % զեղչեր են»,-նկատեց Պիպոյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել