Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո առավել պարզ դարձավ, որ մենաշնորհները, կոռուպցիան «այս արատավոր համակարգը դարձել են ազգային անվտանգության խնդիր»: 

«Մենք միշտ ասել ենք, որ մեր խոցելի տեղը տնտեսությունն է, և եթե շարունակվի այդ քաղաքականությունը, մենք ունենալու ենք կորուստներ»,-ասաց նա:  

Պատգամավորը նկատեց, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը քննարկելիս բացահայտել են, թե որքան անարդյունավետ ծախսեր են կատարվել բյուջեից: Նա ասաց, որ թեև դեմ չեն, որ բյուջեի ծախսերը 109 միլիարդ դրամով ավելացել են, սակայն խնդիր է տեսնում, որ դա չի եղել տնտեսության աշխուժացման հետևանքով, այլ դրանք կառավարական ծախսեր են, որոնցից տնտեսությանը ոչ մի օգուտ չեն բերում և դրանք «բազեաբուծական են» ծախսեր են: 

Լևոն Զուրաբյանը առաջարկեց արտահերթ նստաշրջանով վերանայել 2016 թվականի պետական բյուջեն՝ հաշվի առնելով նոր իրողությունները, մարտահրավերները:

«Եթե դա չեն անում, ստացվում է, որ չեն ընդունում քննադատությունը և չեն ցանկանում ոչինչ շտկել»,-ասաց նա: 

Անդրադառնալով ընտրական պրոցեսներին՝ նա ասաց, որ աշխատում են քաղաքացիական հասարակության, ԵՄ-ի, ԱՄՆ դեսպանի, ռուսաստանյան շրջանակների հետ: 

«Հուսով եմ, որ կոնսոլիդացիաների արդյունքում լուրջ արդյունք կունենանք, որը հիմք կդնի ինչ-որ բեկումնային զարգացումների»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել