Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները ժամանակի ընթացքում կհասնեն ազատ առեւտրի՝ առանց բացառումների ու սահմանափակումների, բայց դրա համար ժամանակ է պահանջվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«ԵԱՏՄ-ն գոյություն ունի մեկ տարուց փոքր-ինչ ավելի: Դա կարճ ժամանակ է այն բանի համար, որ տնտեսությունների զարգացման տարբեր մակարդակ ունեցող հինգ պետություններ կարողանային ինտեգրացիոն միավորման մեջ արդյունավետ համագործակցել առանց բացառումների: Ժամանակ է հարկավոր»,-ասել Է Մատվիենկոն «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրում մեծ թվով բացառումների ու սահմանափակումների պահպանման վերաբերյալ հարցին:

«Քանի որ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով… հարկավոր Է համբերատար, հանգիստ շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում: Աստիճանաբար մենք կհասնենք ինտեգրացիոն միավորման առավել խորացված սխեմայի: Դրա համար հարկավոր Է ժամանակ, համբերություն, միմյանց լսելու ու անսալու հնարավորություն: Դա չի լինի վաղը, բայց անպայման կլինի»,-համոզված Է Դաշնության խորհրդի ղեկավարը:

Մատվիենկոն նաեւ հանդես է եկել ԵԱՏՄ-ի մեջ մտնող բոլոր երկրների ներուժը միավորելու օգտին: «Երբ մենք միավորենք մեր ներուժը, կկարողանանք որպես միություն մրցունակ լինել եւ արդյունավետ զարգացնել մեր տնտեսությունները ընդհանուր շրջանակում»,-հավելել է Մատվիենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել