Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ԱՄՆ-ում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով, Կենտուկի նահանգում մասնակցել է թուրք-մեսխեթցիների կազմակերպած իֆթարին:
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին. «Սիրիայում տիրում է պետական տեռոր: Դրա վերևում կանգնած է մարդասպանը: Դժբախտաբար, Սիրիայում սպանվել է 600.000 մարդ: 12 միլիոն մարդ հարկադրված լքել է տները»:
Էրդողանն ափսոսանք է հայտնել նաև Իրաքում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Սիրիայում ու Իրաքում մուսուլմանները սպանում են միմյանց: Նա ընդգծել է, որ իրենք այդ երկրներից ընդունել են մոտ 3 միլիոն փախստականի:
«Մենք եվրոպական, արևմտյան երկրների նման չենք ասում՝ այս քանակությամբ եկեք: Նրանք փախչում են քիմիական, տակառային ռումբերից, և մենք բոլորին էլ ասում ենք, որ մեր դռները բաց են: Այսուհետ նույնպես այդպես կլինի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:



