Իրանի թյուրքալեզու նահանգների հոգևոր առաջնորդները, որոնք հանդիսանում են հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները տվյալ նահանգներում, վերջին շրջանում սկսել են շահարկել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վերագրվող, տարիներ ի վեր շահարկվող «Ղարաբաղն իսլամական տարածք է» կեղծ արտահայտությունը, որն ի դեպ հերքվել է Իրանի պետական պաշտոնյաների կողմից:
Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Ղորբանլիի գլխավորած պատվիրակության հետ ունեցած հանդիպմանը հայտարարել է, թե Ղարաբաղն իսլամական տարածք է, և այն պետք է վերադարձվի Ադրբեջանին:
Ի դեպ այդ նույն հոգևորականը 2015թ. վերջին Նարդարանում ադրբեջանցի ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած ջարդի օրերին սպառնաց Ալիևի իշխանությանը, որ եթե շիա հավատցյալների նկատմամբ բռնությունները շարունակվեն, ապա Իրանը կվերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Անդրադառնալով այաթոլլահ Շաբեսթարիի հայտարարությանը՝ նշենք, որ եթե իրանցի որոշ հոգևորականներին թվում է, թե իրենց սիրաշահող հայտարարություններից հետո Իլհամ Ալիևն ու իր ընտանիքը դադարելու է աշխարհիկ ցոպ ու շվայտ կյանքով ապրելուց և Ադրբեջանում դադարեցվելու են շիայական շարժումների ղեկավարների նկատմամբ բռնաճնշումերը, ապա չարաչար սխալվում են:
Այդ համատեքստում պետք է նշել, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ իրանցի հոգևորականի չափազանց պրոադրբեջանական հայտարարությունն են աղավաղել՝ «իսլամական տարածք» տերմինը փոխարինելով «օկուպացված տարածքով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել