21 տարեկան դառնում է այն բանակը, որին կոչում ենք ՀՀ Զինված ուժեր, որը կազմավորվել է 1992թ.-ից՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո: Սակայն Հայ Բանակի եւ Հայ Զինվորի պատմությունն անհամեմատ ավելի մեծ է, լի թե՛ հաղթանակներով, թե՛ պարտություններով...

   Բայց այսօր պատմության մասին չէ, որ ուզում եմ գրել: Այսօր գրում եմ իմ անսահման հպարտության մասին, որ տածում եմ Բանակիս հանդեպ: Բանակ, որ ծնվեց պատերազմի դաշտում, Բանակ, որ իր երթը սկսեց հաղթանակով, փառապանծ հաղթանակով, երկա՜ր սպասված հաղթանակով... Բանակ, որի հաղթարշավը կասեցվեց չարաբաստիկ զինադադարով: Չգիտեմ՝ համաշխարհային պատմության մեջ արդյոք շա՞տ կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ զինադադարը կարելի է կոչել չարաբաստիկ, բայց այն, ինչ տեղի ունեցավ 1994-ի մայիսի 12-ին չպե՛տք է տեղի ունենար, եւ ո՞վ գիտե՝ այդ դեպքում ինչպիսին կլիներ մեր երկիրն այսօր... 

   (Ի դեպ, սա էլ թող լինի պատասխան բոլոր նրանց, ովքեր բարբաջում են, թե 90-ականներին պատերազմից հետո ծանր պայմաններում ժամանակի ղեկավարներն արել են առավելագույնը եւ չի կարելի անտանելի կենսապայմանները վերագրել նրանց: Ազգային հաղթանակին չհավատացող, դրանից վախեցող ու խույս տվող անձը չունի ոչ մի արդարացում: Չխորանամ, այլ թեմա ա): 

  Ես ծնվել եմ զինադադարից հետո, ծնվել եմ խաղաղ պայմաններում եւ մեծացել այնպիսի միջավայրում, որտեղ չէր զգացվում պատերազմի մասին պատմությունների ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո պակասը: Մեծացել եմ՝ իմ առջեւ մշտապես ունենալով պատերազմի հերոսի ու գաղափարի աննկուն մարտիկի իրական կերպարները: Ապրել եմ՝ սնվելով հայրենապաշտությամբ:

   Ապրել եմ՝ երազելով նմանվել կողքիս ապրող համեստ հերոսներին, երազելով շարունակել նրանց գործը, դառնալ իմ ժամանակի այն համեստը, ով իր վաստակով չի զիջի իր իդեալներին: Մանկության երազանքներիցս մեկն էլ բանակում ծառայելն է եղել: Չգիտես ինչու վստահ էի, որ մինչեւ մեծանամ, Հայաստանս արդեն աղջիկների բանակ կունենա: Բայց ես մի փոքր առաջ ընկա. մեծացա ավելի շուտ, քան մեր երկրում աղջիկների բանակ կստեղծվեր: 

     Հիմա շատ բան է փոխվել: Չի փոխվել միայն մոլագար սերս դեպի Հայրենիքս ու նրա  պաշտպանը: Այսօր էլ, ինչպես 3 տարեկանում, խենթանում եմ՝ տեսնելով զինվորական համազգեստ կրող տղամարդկանց, ավելի՝ կանանց: Հիմա էլ, ինչպես 6 տարեկանում, երազում եմ արժանանալ այդ համազգեստը կրելու պատվին: Հիմա էլ ուզում եմ աշխատել այնպես, որ կյանքիս վերջում աչքերս ամոթից չխոնարհեմ մանկությանս երազանքների առաջ: Հիմա էլ ուզում եմ լինել Բանակս զորացնողներից մեկը, որովհետեւ այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է, չունի ոչ մի իրավունք՝ թուլացնելու զգոնությունը խրամատում: 

     Ուզում եմ խրամատում մեզ պաշտպանող Զինվորիս Աստված պահապան լինի:

   Ուզում եմ Սպաս միշտ հպարտանա իր Զինվորով, եւ Զինվորս միայն ակնածանքով նայի իր Սպային: 

   Ուզում եմ Բանակիս ուժն անկոտրում լինի, քանի որ հենց նա է երաշխավորը թիկունքի ապահով կյանքի ու դրա բոլոր բնագավառների զարգացման:

     Շնորհակալ եմ եւ մինչև կյանքիս վերջը պարտական եմ բոլոր այն տղաներին, որ ծնվածս օրվանից մինչեւ հիմա իրենց շնորհիվ չեմ լսել զենքի շաչյունը կողքիս եւ չեմ տեսել ավերվող տունս՝ աչքիս առաջին: Շնորհակալ եմ, որ իրենց շնորհիվ վառ է մնում երազանքներիս հասնելու իմ հույսը...

          Շնորհավո՛ր տոնը Բանակի Հայկական, 

          Շնորհավո՛ր տոնը նրա արժանի զավակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել