Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով «Analitik.am» կայքի  տնօրենի կողմից շորթման վերաբերյալ գործը կքննի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ հաշվի առնելով, որ տուժողը պատգամավոր է: Երեկ երեկոյան Քննչական կոմիտեն գործն ուղարկել է դատախազություն։

ԱԺ պատգամավորից «analitik.am» լրատվական կայքի տնօրենի կողմից գումար շորթելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունում մայիսի 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որի  շրջանակներում կայքի տնօրենն ու վերջինիս օգնականը շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել են։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ: Այդ հանդիպումների ընթացքում անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:

Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կա՛մ կայքի տնօրենին, կա՛մ նրա օգնականին:
 
Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնականը բռնվել է։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շորթման մասին ահազանգել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Շորթման գումարը վերցնելիս ձերբակալվել է  «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանը, ինչից ժամեր անց նաև՝ Ա.Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով՝ օգնականը ցուցմունք  է տվել տնօրենի դեմ՝ ասելով, որ կատարել է նրա հանձնարարությունը։

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մայիսի 4-ին հայտարարություն է տարածել, որ չի պատրաստվում ցուցմունք տալ «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա  օգնական Վարդիթեր Գիշյանի դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել