Թուրքիայում առաջիկա օրերի գլխավոր հարցը կլինի վարչապետի և նախագահի միջև արդեն բացահայտ հակամարտությունը։
Մինչև ամսվա վերջ Թուրքիայում, հնարավոր է, որ փոխվի վարչապետը։ Նախագահ Էրդողանի և գործող վարչապետ Դավութողլուի հարաբերություններում, համաձայն զանազան աղբյուրների, լուրջ հակասություններ կան։
Էրդողանը, կարծես թե, անում է ամեն հնարավորը՝ Դավութողլուին իշխանական օղակից հեռացնելու համար։ Եթե սա ճիշտ և Էրդողանին հաջողվի իրեն առավել լոյալ մարդ նշանակել վարչապետի պաշտոնին, ապա նշանակում է, որ փաստացի Էրդողանին կպատկանի ողջ իշխանությունը Թուրքիայում։
Հիշեցնեմ, որ վարչապետը դեռևս գործող թուրքական սահմանադրության համաձայն ավելի մեծ դեր ունի երկրի կյանքում, քան նախագահը։
Դավութողլուն, որին Արդարություն և զարգացում կուսակցությունում դիմում են «հոջա» (ուսուցիչ) պատվանունով, փորձում է դիմանալ մերձէրդողանական ԶԼՄ-ների՝ իր հասցեին ուղղված քննադատությանը, սակայն վստահ չեմ, որ նա կկարողանա դիմադրել երկար։ Վաղը Դավութողլուն հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ պարզ կդառնա, արդյոք ճիշտ են տարածվող լուրեն այն մասին, որ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին ԱԶԿ արտակարգ համագումարում նա չի դնի իր թեկնածությունը կուսակցության նախագահ և հետևաբար նաև երկրի վարչապետ լվերընտրվելու համար։
Որպես նոր վարչապետի հավանական թեկնածուներ նշվում են տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմի (Binali Yıldırım), Էրդողանի փեսա և էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի (Berat Albayrak), Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի (Bekir Bozdağ) անունները։

Թեմայով երկու հղում.


անգլերեն՝ այստեղ

թուրքերեն՝այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել