Hetq.am-ը գրում է.

Հյուսիսային սահմանում (Թալիշ) ապրիլի 3-ի երեկոյան զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի մեկ տարվա կենսագրություն ունեցող ընտանիքում մայիսի կեսերից սպասում են համալրման: Ծնվելու է աղջիկ եւ կրելու է Հրաչի մոր՝ Անահիտի անունը: Հարս ու սկեսուր այդ կարեւոր իրադարձությանը պատրաստվում են զուսպ ոգեւորությամբ: «Ես գուզեի, օր Հրաչիս առաջնեկը տղա էղներ, բայց ինքն անչափ երջանիկ էր, օր իմացել էր պիտի աղջիկ ունենա,- Վարդան Գալստյանի աչքերն արցունքներից մշուշվում են,-հմի, օր տղես չկա, էս ծնվողը մեզի համար աղջիկ էլ է, տղա էլ է՝ կարեւորն առողջ էղնի, կարեւորը երկրիս խաղաղություն էղնի»:

Տիկին Անահիտն ասում է, որ արդեն երկրորդ անգամ են պատրաստում անհրաժեշտ իրերը՝ ծննդատուն գնալու համար: «Մինչեւ էս դեպքերը ես էլ, Անուշի մաման էլ ահագին բաներ էինք առել, որ իմացել էինք պիտի աղջիկ ծնվի, բայց էդ ամենը մնաց իրենց Թալիշի վարձով տանը: Ապրիլի 2-ին, որ Հրաչս Անուշին ուղարկել էր Չարենցավան՝ քեռու տուն, երեխեն հետը համարյա թե բան չէր վերցրել, որովհետեւ չէին պատկերացրել, թե չպիտի հետ գնան: Դե հիմի էլ իմացել ենք, որ Թալիշի տունը թալանած է՝ էնպես, որ ամեն ինչ նորից ենք առել»:

Գալստյանները բնակվում են Գյումրու Մուշ թաղամասում: Վարդան Գալստյանը բնակարանը ստացել է 1990-ականներին, քանի որ երկրաշարժի ժամանակ տուն եւ ընտանիք էր կորցրել: Չորսսենյականոց բնակարանում ապրում են մյուս տղայի՝ Աղասիի ընտանիքի հետ, ով նույնպես պայմանագրային զինծառայող է եւ ծառայությունն իրականացնում է Գյումրիում տեղակայված հայկական զորամասերից մեկում: «Հրաչս Թալիշում էր ապրում, տուն էր վարձել, որի վարձը նախարարությունից աշխատավարձի հետ ստանում էր,-պատմում է տիկին Անահիտը,- մենք ճիշտ է, Աղասիկիս հետ ենք ապրում, բայց մեզ պահողը Հրաչոս էր, իրա աշխատավարձը բարձր էր՝ 310 հազար դրամ կստանար, իսկ Աղասս՝ 110 հազար, կարելի է ասել, որ հույսն ու հենարանը մեր զոհված տղեն էր»:

55-ամյա Վարդան Գալստյանն, ով վերջին տարիներին թիվ 33 երթուղայինի վարորդ է աշխատել՝ տեսողության վատացման պատճառով երկու տարի առաջ թողել է աշխատանքը: Տիկին Անահիտը ամիսը 54 հազար դրամ աշխատավարձով հավաքարար է աշխատում Ախուրյանի ավագ դպրոցում: Ամուսինները հիմա փորձում են տարբերակ գտնել բնակարանով ապահովելու զոհված տղայի կնոջն ու մոտ երկու շաբաթից լույս աշխարհ եկող բալիկին:

«Մեկ կամ երկուսենյականոց մի բնակարան լինի մեր թաղամասի հարեւանությամբ՝ շատ գոհ կլինենք: Մուշ 2/2-ում երկուսենյականոցները մինչեւ 12 հազար դոլար են, երեւի մի 8 հազարով էլ մեկսենյականոցը կարելի է ձեռք բերել, թանկ չէ,- ասում է Վարդանը,- դիմել ենք նախարարությանը: Մի տաս օր առաջ, որ Սեյրան Օհանյանի կինը եկել էր մեր տուն՝ իրան էլ ենք ասել, տեսնենք ինչ կլինի: Շատ մեծ հույսեր չունենք»:

Պաշտպանության նախարարի տիկնոջ հետ կայացած զրույցից շատ բան չեն փոխանցում, միայն նշում են, որ Ռուզաննա Խաչատրյանը խոստացել է նորածնի մահճակալն ինքն ուղարկի:

Տիկին Անահիտին հարցնում եմ վարկերից՝ պարզվում է բավական շատ ունեն եւ դրանք մարելու մեծագույն խնդիր: Միայն «ՎՏԲ» բանկում Անահիտ եւ Վարդան Գալստյաններն իրենց անունով մոտ 1 մլն 200 հազար դրամի վարկ ունեն, 161 հազար դրամի վարկ էլ «Ինեկոբանկում»: Տիկին Անահիտը տարակուսած է. բանկային կազմակերպությունների հայտարարած զիջումները կարծես թե իրենց վրա չեն տարածվել, քանի որ շարունակում են մուծումներ կատարել:

«Մենք էդպես էլ չհասկացանք, թե բանկերը կոնկրետ զոհված զինծառայողի ունեցած վա՞րկն են ներում, թե՞ ընտանիքի անդամներինը,- հարցնում է Վարդանը,- որովհետեւ ոչ մի զինծառայողի չես գտնի, որ իրա անունով վարկ ունենա՝ մեր անունով են վարկերը վերցվել, բայց ծախսվել է բոլորիս համար: Հարցն այն է, որ հիմա փաստացի մնացել ենք Անահիտի 54 հազար դրամի հույսին»:

Հրաչի երիտասարդ կնոջն, ում 18 տարին կլրանա մայիսի 7-ին, խուսափում եմ հարցեր տալուց՝ ավելորդ հուզմունք չպատճառելու համար: Անուշն, ով ծնունդով թալիշեցի է, որոշել է այսուհետ ապրել, սովորել եւ աշխատել Գյումրիում: Ասում է, որ Ստեփանակերտի համալսարանից թղթերն արդեն տեղափոխել են Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության հեռակա բաժին: Այս պահին մի խնդիր ունի. Հրաչի հետ նրա զբաղվածության պատճառով չէին հասցրել գրանցել ամուսնությունը: «Դիմումը տվել էին, բայց Հրաչոս ժամանակ չէր գտնի, որ գնային գրանցեին,- ասում է տիկին Անահիտը,- հըմի տեսնինք, թե էդ հարցն ինչ ձեւով պիտի լուծենք: Կարծում եմ՝ լուծվող հարց է, որ թոռնիկս անպայման մեր ազգանունը կրե, ի վերջո ամուսնությունն էլ հարսիս համարվի օրինական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել