Իմ ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: 
Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք.
Ես խորապես մտահոգված եմ այս զեկույցով, որը ձախողեց օբյեկտիվ, անկողմնակալ և անաչառ կերպով արտացոլելու իրողությունը կապված Ադրբեջանի` այս կազմակերպությանը անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Փոխարենը մենք ականատես եղանք Ադրբեջանի իշխանությունների` արտաքին հարցերի բացթողումները և թերությունները կոծկելու և արդարացնելու ճղճիմ փորձերի:
Ասածս հիմնավորելու համար թույլ տվեք հիշեցնել Սաֆարովի դեպքը, երբ ատելության հողի վրա հանցագործություն կատարած և Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձը տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ նրան ժամանելուն պես ներում շնորհվեց, և նրան ազատ արձակեցին: Ավելին, այդ սահմռկեցուցիչ հանցագործությունն արդարացվեց, խրախուսվեց և առատաձեռն պարգևատրվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից: 
Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արտացոլված զեկույցում: 
Ընդամենը մեկ՝ չեզոք, բացարձակապես անիմաստ 5-րդ պարագրաֆի ձևակերպմամբ: Մեջբերում եմ. «2012թ. հոկտեմբերին ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց Սաֆարովի գործի վերաբերյալ, անցկացրեց քննարկում»: Եվ վերջ: Այլևս ոչինչ: Ոչ մի բառ միջազգային հանրության և այս Վեհաժողովի կողմից այդ գործի միանշանակ և խիստ դատապարտման մասին:
Զարմանալիորեն համազեկուցողների կողմից չկա որևէ հղում Ադրբեջանի վերաբերյալ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2011թ. զեկույցին, որը միայն հպանցիկ է նշված զեկույցի 194-րդ պարբերությունում: Հեղինակները նշել են միայն, որ այդ զեկույցում կան մի շարք մտահոգություններ կրոնի ազատության վերաբերյալ: Զարմանալիորեն Ադրբեջանի վերաբերյալ նշյալ զեկույցում ներառված մի շարք լուրջ մտահոգությունների և առաջարկությունների վերաբերյալ այդ պարբերությունում որևէ հղում չկա:
Համազեկուցողները կարծես չեն նկատում պետության կողմից հովանավորվող ռասիզմը հայկական ծագում ունեցողների նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանում հակահայկական տրամադրվածության աննախադեպ աճը, որոնք արտացոլված են այդ զեկույցում: Սաֆարովի դեպքի լույսի ներքո սա շատ մտահոգիչ է:
Եվ վերջում կուզեի նշել, որ զեկուցողները փորձում են կրկնել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, որով նրանք փորձում են արդարացնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրենց պարտավորությունների ձախողումը` որպես արդարացում օգտագործելով ԼՂ հակամարտությունը: Մեջբերում եմ. «Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման ազատ զարգացումը կախված է այս հակամարտության խաղաղ կարգավորման հաջողությունից»:
Հարգելի գործընկերներ,
Այս հակամարտությունը չի կարող այլ ոլորտների զարգացման խոչընդոտ լինել: Մենք հավատում ենք, որ ԵԽԽՎ-ի համազեկուցողները չեն հետևի Ադրբեջանի կառավարության տրամաբանությանը և փոխարենը կհաստատեն, որ ոչինչ չի կարող արդարացնել իրենց պարտավորությունների կատարման ձախողումը:
Փաստորեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ձգձգում է ԼՂ հակամարտության կարգավորումը, որպեսզի դա օգտագործի որպես ճնշող գործիք որևէ ժողովրդավարական և սոցիալական շարժման դեմ: Գոյություն ունեն ժողովրդավարացման հաջողված մի շարք փորձեր հակամարտության մեջ գտնվող պետություններում (Կիպրոս, Հնդկաստան, Իսրայել և այլն):
Թույլ տվեք ավարտել` ընդգծելով իմ խորը համոզմունքը, որ ժողովրդավարության ամրապնդումը և մարդու իրավունքների ճանաչումը նախապայման են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել