Ինձ զանգահարած լրագրողներից տեղեկացա, որ երկու օրից Սպորտի նախարարությունում նախատեսված է «բանավեճ», քննարկում կամ չգիտեմ ինչ, իսկ ես հրավիրված եմ մասնակցելու այդ չգիտեմ ինչին: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում նշել. 

Ավանդական ու ժամանակակից կապի միջոցներից որևէ մեկով ես որևէ հրավերք չեմ ստացել՝ մասնակցելու տարեվերջին հանրային մեծ հնչեղություն ստացած ու նաև իմ կողմից բարձրացված խնդրի քննարկմանը: Որքան հասկանում եմ, նման հրավերքներ չեն ուղարկվել նաև խնդրով մտահոգ իմ մյուս գործընկերներին, խորհրդարանի համապատասխան մշտական հանձնաժողովին, մարզական մեկնաբաններին ու այլ շահագրգիռ մարդկանց, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնել, այսպես կոչված, 2012թ. մարզական լավագույն տասնյակի կազմման հարցի շուրջ: Առավել ևս, անհասկանալի է, թե ի՞նչ միջոցառման մասին է խոսքը: Երբ ինձ նման հրավերք ուղարկվի՝ նախատեսված միջոցառման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությամբ, կորոշեմ, թե ինչքանով կարող է օգտակար լինել իմ մասնակցությունը: 

Հետո, չպետք է մոռանալ, որ սպորտի հարգարժան նախարարը քաղաքական մեծամասնության քվոտայով նշանակված պաշտոնյա է: Անհրաժեշտության դեպքում մենք նրան կհրավիրենք Ազգային ժողով՝ ներկայացնելու ինձ ու իմ մյուս գործընկերներին հետաքրքրող այս ու այլ հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին իր հաշվետվությունը: Իսկ մինչ այդ՝ թող աշխատեն: Արդեն իսկ դրական է, որ հասկանում են, որ մեծ սխալ է թույլ տրվել, և որ նախարարությունը չի կարող ձեռքները ծալած նստել: 

Հ.Գ. Եթե Ա1+ թղթակցի հետ հարցազրույցում պարոն Ռոստոմյանը ճիշտ է ձևակերպել իր ցանկությունները և ի նկատի է ունեցել խնդրո առարկայի շուրջ իմ առաջարկության հետքերով մեկ ամիս անց հրապարակային հեռուստատեսային բանավեճի իր պատրաստակամությունը, ապա՝ խնդրե՜մ. մեկ ամիս էլ իմ կողմից: Նախագահական ընտրությունների ավարտից հետո ցանկացած օր: Միայն թե նման բանավեճն ուշացած չլինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել