Մեկնարկեց նախագահացուների հեռուստատեսային արշավանքը: Այն, որ հասարակությունը փոփոխության սպասելիք չունի այս միջոցառումից, փաստ է: Ուստի հեռուստատեսության վրա դրա պրոյեկտումը շատ-շատերին անտարբեր թողեց:
Սակայն կարելի է զուգահեռներ անցկացնել նախագահական նախորդ քարոզարշավի հետ եւ միայն տեսանյութերի որակից հասկանալ, որ Հայաստան աշխարհն այս ասպարեզում էլ ոչ միայն մեկ սանտիմետրով առաջ չի գնացել, այլեւ ահագին նահանջել է նախկին դիրքերից:
Այն, որ Հայաստանում PR գիտությունը տեղակայվել է միայն «մուտիլովկաների» եւ նախորդ դարաշրջանին հատուկ մանիպուլյացիաների մակարդակով, հստակ ցույց է տալիս թեկնածուների քաղաքական էկրանավորումը:
Միայն Սերժ Սարգսյանի տեսահոլովակի դեբյուտը բավական է՝ պատկերացում կազմելու համար, որ թեկնածուն բացարձակ ասելիք չունի եւ «տաշի-տուշի» մակարդակով է ներկայանում իր տառապյալ ընտրողներին:
Ընդհանրապես, «տաշի-տուշին» միշտ հատուկ է եղել իշխանական թեկնածուին: Նրա իրավանախորդ Ռոբերտ Քոչարյանն է մի անգամ սկսել, որը ոչ մի կերպ չի կարողանում վերջացնել նախագահական երկրորդ ռաունդ մտած Սերժ Սարգսյանը:
Քոչարյանի կողմից մինչեւ վերջ օգտագործված երգի-պարի քաղաքական շոումեններն այնպիսի մի հռնդյունով են պոռում, իսկ կեղծ հանդիսատեսն այնպիսի մի օվացիա է բացել, որ հեռուստադիտողը սարսափով սպասում է, որ ահա-ահա՝ կպայթեն փուչիկներն ու կլինի այն, ինչ եղավ ՀՀԿ-ի վերջին հանդեսին:
Թե ինչու է իշխանական թեկնածուն նախընտրում երիտասարդների շրջանում 60 տոկոս գործազրկություն արձանագրած երկրում այսպես ներկայանալ՝ մեկ բացատրություն կարող է լինել՝ մեծ փողերի ավելցուկը ՀՀԿ-ն օգտագործում է դրսից փիառշիկներ վարձելու վրա, ովքեր, բնականաբար, տեղեկացված չեն երկրում տիրող տրամադրությունների մասին եւ չեն տեսել երկրի սոցիալական դեմքը: Այդ տեսահոլովակը ոչ միայն չի նպաստելու Սերժ Սարգսյանի քարոզչությանը, այլեւ հուսահատության մեջ է գցելու նաեւ այն ընտրազանգվածին, ով հակված է իր քվեն տալ գործող նախագահի օգտին:
Եթե քարոզարշավի մնացած օրերին էլ այդ իրականությունից կտրված երգի ու պարի տենդով բռնկված էքստազը շարունակվի, ապա չի բացառվում, որ նրա էլեկտորատը նյարդային հողի վրա գնա ու քվեարկի մեկ այլ թեկնածուի օգտին:



