Միջազգայնացման վտանգները: Ցանկացած էթնոքաղաքական հակամարտության միջազգայնացումը, այսինքն՝ նրա լուծման նպատակով միջպետական խմբերի ստեղծումը միշտ էլ ունեցել է իր վտանգները, սպառնալիքներն ու մարտահրավերները հակամարտող կողմերի համար: Որպես կանոն՝ այդպիսի խմբերում ընդգրկված պետությունները ձգտում են հակամարտության կարգավորման գործընթացում առավելագույն օգուտներ քաղել և առաջին հերթին իրենց շահերը պաշտպանել: Թերևս, ցավալին այն է, որ այս իրողությունից պատմության ընթացքում ամենից շատ տուժել են հայերը, բայց այդպես էլ պատմությունից դասեր չեն քաղել: Հայկական հարցի միջազգայնացումը Բեռլինի կոնգրեսից սկսած՝ իր վայրիվերումներով ավարտվեց եղեռնով ու երեսուն հազար քառակուսի կիլոմետր քարքարուտներով:
Միշտ թաքուն տագնապ ու անհանգստություն եմ ունեցել նաև ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումից: Միջնորդ և հաշտարար կարող է լինել 100 տոկոսանոց չեզոք կողմը: Միամտություն է կարծել, թե Մինսկի խմբի պետությունները, թողնելով իրենց շահերը, հակամարտության լուծման մասին են մտածում: Քառորդ դար բղավում էինք՝ մեզ կոտորում են, որպեսզի մեկ գաղափար հասցնենք Արևմուտքին, որ մենք տարածք չենք ուզում, այլ մարդու իրավունքների իրականացում Արցախում, ոչ մի փոխընբռնում չտեսանք: Հիմա էլ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին տանել իր ազդեցության գոտի, իր պետական շահն է թելադրում, իրենց դա է պետք, պետք է ինչ որ բանով վճարեն չէ: Պարզ չէ՞ ամեն ինչ:
Այնպես որ, հարգե´լի հայ խելամիտ եվրոպամետներ և ռուսամետներ, իրար դեմ ցեխ շպրտելու փոխարեն, միասնական ճակատով փորձեք իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու ելքեր գտնել: Ռուսաստանն է տարածաշրջանում դրության տերը, այս իրողությունից պետք է կայացնել բոլոր որոշումները: Թե չե ռուսների բարոյական դեմքը պարզելով՝ հարց չես լուծի կամ էլ հերթական բարոյական հաղթանակը կտանես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել