Մոտ 13 օր է արդեն անցել, երբ հայ-ադրբեջանական շփման գծում ապրիլյան սրացումներից հետո հայտարարվել է հրադադար: Իհարկե, պարբերաբար խախտումներ են տեղի ունենում, անգամ երբեմն հակառակորդը ականանետեր է կիրառում, բայց իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Իհարկե, սա չի նշանակում, որ ադրբեջանակն կողմը ետ է կանգնել հնարավոր ռազմական սցենարների իրագործումից, ավելին՝ նրա մոտ որոշակի զինտեխնիկայի կուտակումներ ու զորաշարժ է առկա, սակայն պարզ է, որ հայկական կողմը նույնպես պատրաստ է ցանկացած նման ոտնձգության՝ ընդհուպ մինչև կանխահարձակ պաշտպանության կիրառում:

Մամուլում լուրեր են պտտվում, թե առաջիկայում Մինսկի խմբի ֆորմատում հանդիպումներ են տեղի ունենալու, որոնք, ադրբեջանական որոշ պաշտոնյաների խոսքերով, կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների վերսկսման համար:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություննից հետո իրավիճակ է փոխվել՝ հատկապես կապված մի քանի հանգամանքի հետ.
-Փաստացիոն ստացվում է այնպես, որ Մինսկի խումբը ունակ չէ կամ բավարար ազդեցիկ չէ՝ զսպելու բանակցային կողմերից մեկի՝ ոչ միայն ռազմական հռետորաբանությունը, այլ նաև ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը:
-Էականորեն մեծացել է կոնֆլիկիտի լուծման ու կողմերի մոտեցումների վրա ՌԴ-ի՝ նախկին տեսանելի ազդեցությունը:
-Ռազմական էսկալացիա նախաձեռնող կողմն իր նախաձեռնած արկածախնդրության անհաջող ընթացքից հետո չպետք է խոսի բանակցային ֆորմատում փոխզիջումային մոտեցումների մասին:
-Փաստորեն 1994թ. հրադարի համաձայանգիրը վերջին զարգացումների ներքո այլևս չի գործում, կողմերի միջև հաստատվել է հրադադարի հաստատման բանավոր պայմանավորվածություն, ուստի, մինչև բանակցություններ սկսելը, նախ իրավաբանորեն ու գործնականում պետք է վերահաստատվի հրադադարի ռեժիմը, որին որպես կողմ պետք է մասնակցի նաև ԼՂՀ-ն:
-Բանակցային օրակարգում գործոն կդառնա ռազմական վերջին սրացման ժամանակ հայկական զինծառայողների դիակների խեղման փաստը:
-Հրադադար պարտադրած հայկական կողմի դիրքորոշումը ռազմական վերջին գործողությունների ներքո հավանաբար ուրվագծելի կոշտացումներ կունենա:
-Միջնորդ կողմերը պետք է իրավաբանորեն պարտադրող որոշակի քայլեր ձեռնարկեն՝ հեռանկարում ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար (իհարկե, եթե իրապես կողմ են ռազմ. գործողությունների չվերսկսմանը):

Ինչ վերաբերվում է խնդրի լուծման բանակցային ֆորմատին, սկզբուքներին, ապա հարկ է նշել, որ ԼՂ-ի խնդրի սկզբնավորման օրվանից ի վեր, բանակցային սեղանին դրված մոտեցումներում որևէ նոր, օրիգինալ առաջարկ չկա: Եղել են ու այսօր էլ կան երեք հիմնական տարբերակներ՝ «փուլային», «փաթեթային» և «ընդհանուր պետություն»: Ներկայումս շրջանառվող բոլոր առաջարկները հիմնականում փուլային ու փաթեթային տարբերակների որոշ կետերի միախառնում են, ոչ ավելին:

Հարկ է նշել, որ ապրիլյան դեպքերից հետո առհասարակ կողմերի միջև առկա է վստահության լրջագույն դեֆիցիտ, ուստի, եթե հեռանկարում բանակցային սեղանին հայտնվեն ինչ-որ առաջարկներ, ապա վստահորեն կարող ենք նշել, որ նրանց մի շարք կետեր դժվար իրագործելի կլինեն, անգամ եթե կողմերի վրա արտաքին լրջագույն ճնշումներ գործադրվեն:

Դիտարկումը, որ «խաղաղություն հաստատելու համար պետք է պատրաստվել պատերազմի» մինչ օրս գերաարդիական է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել