1915թ. ապրիլ ամսին գեներալ Յուդենիչը Կովկասի կառավարիչ Վորոնցով Դաշկովին ուղարկում է մի նամակ, որի բովանդակությունը հետևյալն էր: Կովկասյան զորքերը այդ պահին չունեն կեր և սննդամթերք: Այդ իսկ պատճառով պետք է այդտեղ լինեն քաղաքացիական խմբեր, որոնք պետք է զբաղվեն վերոգրյալ հարցերով: Միաժամանակ գեներալը նշում էր, որ գրաված հողերը ոչ մի դեպքում չպետք է զբաղեցվեն հայերի կողմից: Դրանք պետք է բնակեցվեն ռուսների կողմից: Դրա համար հարկավոր է Դոնի և Կուբանի տարածաշրջանից կազմակերպել գաղթ և Արևմտյան Հայաստանում ստեղծել սահմանապահ կազակային միավորում: Պատասխան նամակում հավանություն է տրվում առկա ծրագրին: Հայերին արգելվում էր որևէ տեսակի հող տրամադրելը, իսկ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էր «Եփրատյան կազակային միություն»: Այդ ժամանակ փոխվել էր նաև ռուսական զորքի վերաբերմունքը: Հայոց կաթողիկոսը ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ուղարկած նամակում դժգոհում էր գեներալ Աբացիևից, նշելով որ ռուսները ոչ միայն օգնություն չեն տրամադրում Մանազկերտում սպանվող քրիստոնյաներին, այլև նույնիսկ ընկերություն են անում հայերին սպանող քրդերի և թուրքերի հետ: Այսպիսով ռուսների կողմից հռչակված, թուրքերի և հետամնաց մահմեդական խուժանի միջոցով իրականացվող «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը իր բուռն ընթացքի մեջ էր:

Հ.Գ.Հովհաննես Թումանյանը այդ օրերին գրում էր. «... «Քաջարի» ռուսական զորքն իր «մեծ» գործի վրա է, հայերին ոչ մի միջոց ու հնար չեն տալիս, այնինչ քրդերն ազատ՝ զենքները ձեռքին թափառում են սար ու ձոր, իսկ չերքեզները և օսեթիններն իրենց հավատարմությունն են հայտնում ռուս գեներալ Աբացիևին, իսկ Աբացիևի կարգադրությամբ բոլոր հայերին զինաթափ են անում»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել