News.am-ը գրում է.

Կոտայքի մարզի «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մոտ այսօր՝ ապրիլի 15-ին,NEWS.am-ի թղթակցից կոպտորեն տեսախցիկը խլած անձիք տեղյակ են եղել, որ տեսախցիկով անձը լրագրող է:

Զինվորական համազգեստով մի տղամարդ նախ հետաքրքրվել է, թե արդյոք լրագրողն իրավունք ունի այդ տարածքում նկարահանում կատարել, ապա հրահանգել է տարածքում կանգնած զինվորական հագուստով անձանցից մեկին զանգահարել Պաշտպանության նախարարություն:

Քիչ անց նույն անձը զինվորական հագուստով անձանց հրահանգել է լրագրողին «աջ տանել»: Լրագրողին հրավիրել են մուտքից դեպի աջ, ասել, որ նկարահանում չանի: Մի քանի րոպե հետո նույն անձը հրահանգել է «բռնագրավել» լրագրողի տեսախցիկը: Զինվորական հագուստով անձանցից մեկն առանց ներկայանալու պահանջել է լրագրողի վկայականը, ապա զանգահարել է ինչ-որ մեկին, տեղեկացրել, որ լրագրողը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության աշխատակից է: Այդ ընթացքում մյուս անձը խլել է  տեսախցիկը՝ վնասելով լրագրողի ձեռքը:

Տեսախցիկը դրել են ՊՆ համարանիշներով մեքենան։ Ի դեպ, հրահանգող անձը կատարվածից հետո նստել է ՊՆ համարանիշով մեքենան եւ հեռացել:

Դեպքից երկու ժամ անց տեսախցիկը եւ վկայականը չեն վերադարձվել:

Ուշագրավ է, որ միջադեպին ականատես են եղել հյուրանոցի բակում հավաքված մի խումբ մարդիկ, որոնք հանգիստ հետեւել են կատարվածին:

Նշենք, որ հյուրանոցում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել