Ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 14-ի երեկոյան, վերադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցություն են հայտնել ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին:

Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին է փոխանցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և թեմերի կողմից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել