Այն, որ մեր հակառակորդի սպանվածները ամբողջությամբ աղքատների ընտանիքներից են, պարզ էր: 4 օրյա պատերազմի բոլոր օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում սա ամենաշատ քննարկվող և բուռն արձագանք գտնող թեմաներից էր:

Այսօր այս խնդիրը սոցցանցերից տեղափոխվեց նաև լրատվամիջոցների՝ հետևաբար բաց հանրային քննարկումների դաշտ, և արձանագրվող պատկերը նույնն է. բոլոր սպանվածները աղքատ ընտանիքներից են:

Սա ադրբեջանական հասարակությանը ամենաշատ անհանգստացնող խնդիրներից է, որի հետ, թվում է, չի կարող հաշվի չնստել Բաքվի ռեժիմը: Ամենևին հայտնի չէ, թե ոնց կարձագանքի ժողովուրդը, եթե նմանատիպ սպանվածների երկրորդ «խմբաքանակն» ընդունի:

Հասարակական քննարկումների մակարդակում հնչում են հետաքրքիր կարծիքներ, որոնք, չնայած աշխարհաքաղաքական գործոնների հաշվարկումից հեռու են և հենված են երկրի ներքին, իրավիճակային տրամաբանության վրա, բայց արժանի են ուշադրության:

Այսպես, ըստ վարկածներից մեկի, Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան գնաց նման արկածախնդրության այն պատճառով, որ նավթի գների անկման պատճառով քչացել էր դրամային հոսքը սեփական գրպաններ, և պետք է գտնեին նոր աղբյուրներ. դրանցից մեկը կարող է լինել բանակից փողով և կաշառքով ազատվելու գնի բարձրացումը, քանի որ եթե սովորական պայմաններում 2000 մանաթ է դրա գինը, այժմ՝ պատերազմի ամեօրյա վերսկսման վտանգի պայմաններում, դա կարող է եռապատկվել կամ քառապատկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել