Ռուսների և թուրքերի միջև «Բարեկամության և Եղբայրության» մոսկովյան պայմանագիրը, կամ ինչպես «ռազմավարական դաշնակից» կոչվածը մեր հողերը նվիրաբերեց Թուրքիային:

....1921թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով, որտեղ քննարկվելու էին նաև Հայաստանին առնչվող հույժ կարևոր հարցեր: Մոսկվա մեկնեց նաև հայկական պատվիրակություն արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, որն իր հետ բերել էր սեփական առաջարկները խոհրդաժողովի մասնակիցներին ներկայացնելու համար: Սակայն, թուրքերի պնդմամբ, հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, թեև, ինչպես ասվեց, այնտեղ վճռվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսական կողմը իր վրա կվերցնի հայերի շահերը ներկայացնելու գործը, սակայն, բնականաբար, դա նույնպես տեղի չունեցավ: Այսպիսով, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր, որի Հայաստանին վերաբերող մասի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում: Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը՝ ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել: Համաձայնագիրը ստորագրել են ռուսական կողմից`Գ.Չիչերինը և Ջ.Կորկմասովը, իսկ թուրքական կողմից Յուսուֆ Քեմալ բեյը Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել