Արցախի հյուսիսում և հարավում Ադրբեջանի ագրեսիայի հաջորդ իսկ օրը Ռուսաստանը տագնապ ազդանշանով զորավարժությունների հանեց Հարավային Ռազմական Շրջանը(կառավարման կենտրոն՝ Դոնի Ռոստով), այդ թվում նաև 58-րդ համազորային բանակի(շտաբը՝ Վլադիկավկազ) Ադրբեջանի հետ սահմանկից Դաղստանում տեղակայված 136-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:

Քանի որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում և ինչպես ասում են՝ քաղաքականությունը դետալների մեջ է, բոլորն էլ հասկացան, թե Ռուսաստանն ի՞նչ է ուզում ասել Ադրբեջանին ու նրա պապա Թուրքիային: Վրաստանի, Դոնբասի և Ղրիմի դասերը հաստատ հաշվի առնում են թե՛ Բաքվում, և թե՛ Անկարայում: Ըստ էության, սա արվեց Կրեմլից ու Ռուսաստանի ՊՆ-ից Բաքու կատարվող զանգերն ավելի ազդեցիկ դարձնելու համար: Ի վերջո, բոլորն էլ ընդունեցին, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը ռուսական միջնորդությամբ եղավ: Ի դեպ, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան նույնպես Հարավային Ռազմական Շրջանի ենթակայության տակ է:

Իսկ ի՞նչ արեց Ադրբեջանի դաշնակից, ավելի շուտ՝ Ադրբեջանի պապա Թուրքիան: Սկզբում ամենաբարձր մակարդակով՝ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, Ադրբեջանին անվերապահ աջակցության հայտարարություններ արեց(միայն հայտարարություններ), իսկ երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի բանակը պարտվում է և չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրը, սկսեց խոսել հակամարտության խաղաղ կարգավորման մասին, այլ կերպ ասած՝ քցեց Ադրբեջանին:

Այս օրերին մեր հասարակական-քաղաքական քննարկումների տրենդում են հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները: Ինչ կարծիք ասես, որ չհնչեց՝ սկսած ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալուց, վերջացրած ռուսներին(իրենց ռազմաբազայով հանդերձ), Հայաստանից քշելով: Եվ ոչ մեկ չքննարկեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի սահմանների մոտ զորավարժություններով Բաքվին ռազմական «իշմար» տվեց, իսկ Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի(շտաբը՝ Երզնկա) և ոչ մի ստորաբաժանում թուրք-հայկական սահմանի մոտ, անգամ, զիլինա չխաղաց:

Մի պահ պատկերացնենք, որ ռուսներին(իրենց ռազմաբազայով) Հայաստանից վռնդել ենք, 80 միլիոնանոց Թուրքիան իր բանակով մեզանից շա՞տ է վախենում, որ Ղարաբաղում կռվի թեժ պահին ինչ-որ բան չնախաձեռնի Հայաստանի հետ սահմաններում, օրինակ՝ ներխուժի, կամ սահմանի երկայնքով զորաշարժ սկսի, կամ ինչպես Ադրբեջանն է անում՝ հրետանային կրակ բացի սահմանամերձ շրջանների ուղղությամբ և անունը դնի, թե PKK-ի քրդերին է հետապնդում ու նրանց կրակին է պատասխանում, կամ իսլամիստական զբրոդին ուղղի Հայաստանի վրա՝ ինչպես Սիրիայում:

Իսկ ով կասի միջազգային հանրություն, թող ականջին օղ անի Թուրքիայի նախկին ու ներկայիս գործողությունները Կիպրոսում, այս օրերին Սիրիայում և Իրաքում: Ասած ինչ է. ռուսները Հայաստանում իրենց ռազմաբազայով և ՀԱՊԿ պարտավորություններով թող շարունակեն մեր թիկունքն ամուր պահել թուրքական ոտնձգություններից, իսկ Ադրբեջանի մասով մենք ինքներս մի բան կմտածենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել