hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի` Ուկրաինային ռազմական մատակարարումները, նշել էր, որ ներկա պահին, երբ Ուկրաինայում հակամարտություն է ընթանում, արտաքին ուժերի կողմից զենք-զինամթերքի եւ սպառազինությունների մատակարարումը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ձեռնպահ մնալով խառնվել ուկրաինա-ամերիկյան հարաբերոյւթյուններին, Պեսկովը միայն նշել էր, որ շփման գծի երկայնքով նկատվող լարվածության աճի պայմաններում Կիեւին զինելը չի բխում երկրում հակամարտության խաղաղ կարգավորման եւ մինսկյան պայմանավորվածությունների իրականացման շահերից: Դեռ տարիներ առաջ էլ, Վլադիմիր Պուտինը իշխանական վերադասավորման արդյունքում երկրի վրաչապետն էր, 2008-ի ռուս-վրացական հակամարտության ժամանակ սուր քննադատության էր ենթարկել Կիեւի` Թբիլիսիին զինելու գործողությունները` դրանք անվանելով հանցագործներ եւ նույնիսկ սպառնալով համապատասխան ձեւով խոսել այդ հանցագործությունը կատարողների հետ: Ռուսաստանում այս տարվա մարտի երեսունմեկին Պեսկովի` Ուկրաինային ամերիկյան կողմից զինելու փաստի առնչությամբ արված հայտարարությունից հաշված օրեր են անցել: Կարծես թե Ռուսաստանում պետական հեղաշրջում չի եղել, եւ երկրի ղեկին Պուտինյան վարչակազմն է: Ու այս ֆոնին առնվազն անհասկանալի է ռուսական կողմի` Ադրբեջանին զենք զինամթերք եւ սպառազինություններ վաճառելու հարցում նկատվող անդրդվելի կեցվածքը: Մի կողմից ռուսալեզու բնակիչներին պաշտպանելու անվան տակ Ուկրաինայի մի հատվածը բռնակցած եւ մյուս հատվածում էլ քաղաքացիական պատերազմ ու ռազմական հակամարտություն հրահրած Պուտինը իր խոսնակի բերանով խոսում է հակամարտության ժամանակ, այն էլ սրացման շրջանում հակամարտ կողմերից որեւէ մեկին զինելու դեմ, մյուս կողմից շտապում է իր փոխվարչապետ Ռոգոզինի բերանով Բաքվում հայտարարել, որ Մոսկվան կշարունակի զենք վաճառել Բաքվին: Ու սա այն պարագայում, երբ Կրեմլից հնչած ցանկացած ելույթում գոնե մեկ պարբերություն նվիրված է պարտադիր կարգով Արեւմտյան երկակի ստանդարտներին: Իսկ ինչ անուն տալ այս կեղվածքին, սա արդյոք ավելին չէ, քան երկակի ստանդարտը, եւ արդյոք սա արդեն ռազմավարական դաշնակցին դավաճանելու պարզ փաստիարձանագրումը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել